Նիդեռլանդներում երկու մարդ կոմայի մեջ է հայտնվել համացանցից ձեռք բերված կեղծ նիհարեցնող ներարկումներ օգտագործելուց հետո։ Դեպքերից հետո բժիշկները, հիվանդանոցներն ու առողջապահական մարմինները շտապ նախազգուշացում են հրապարակել՝ կոչ անելով չգնել նման դեղամիջոցներ անօրինական վաճառողներից։
Տուժածներից մեկը 54-ամյա տղամարդ է, որը նախկինում ճարպակալման բուժման համար դեղատոմսով դեղամիջոցներ էր օգտագործում։ Սակայն դրանց պակասի պատճառով նա համացանցից պատվիրել էր, իր կարծիքով, նույն ազդեցությունն ունեցող դեղամիջոց։ Երկրորդ տուժածը 47-ամյա կին է։ Երկուսն էլ ներարկումն ինքնուրույն կատարելուց անմիջապես հետո կորցրել են գիտակցությունը և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Լաբորատոր հետազոտությունը պարզել է, որ ներարկիչների պարունակությունը չի համապատասխանել նշված բաղադրությանը։ Սեմագլուտիդ պարունակող նիհարեցնող դեղամիջոցի փոխարեն դրանց մեջ եղել է ինսուլին։ Այս վտանգավոր վիճակը հանգեցրել է ցնցումների, կոմայի, գլխուղեղի անդառնալի վնասման։ Այն կարող է հանգեցնել նաև նույնիսկ մահվան, եթե ժամանակին բժշկական օգնություն չցուցաբերվի։






































