Հայաստանյան մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ավարտվել են, և կայացվել է որոշում, ըստ որի` գազը 180 դոլարի փոխարեն կարժենա 240 դոլար՝ Հայաստանի սահմանին: Այդ մասին գրել է «Ժողովուրդը»:
Իհարկե, հայկական մամուլում գազի թանկացման մասին տեղեկությունները շատ ավելի վաղ պատմություն ունեն, որոնց աղբյուրը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական փաստաթղթերն են, ըստ որոնց` գազը վաղուց արդեն Հայաստան մատակարարվում է 220 դոլարով: Այսինքն` առնվազն միջանկյալ թանկացում արդեն իսկ եղել է:
Այս խնդրին Հայաստանի կառավարությունը այդպես էլ որևէ հոդաբաշխ արձագանք և բացատրություն չտվեց` միայն համառորեն պնդելով, թե գազը չի թանկացել, ու բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Միևնույն ժամանակ, արդեն մեկ ամսից ավելի գազի թանկացում է արձանագրվել նաև հայաստանյան գրեթե բոլոր ավտոգազալցակայաններում: Սակայն այստեղ էլ, համառ հերքումներից բացի, ոչ մի այլ հոդաբաշխ բացատրություն` պետական մակարդակում:
Իրականում, սակայն, ոչ մի կասկած չկա, որ գազի թանկացումը արդեն իսկ կատարված փաստ է, պարզապես խնդիրը այդ մասին հրապարակելն է, որն առայժմ ձգձգվում է: Եվ այն, ըստ էության, ձգձգվում է երևի թե այն պատճառով, որ Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են գազի թանկացումը որևէ կերպ փոխհատուցելու շուրջ:
Այս տեսանկյունից հետաքրքրական է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության բանակցություններ վարելու և պայմանագիր կնքելու Վլադիմիր Պուտինի հանձնարարությունը: Ըստ երևույթին բանակցություն ասվածը վերաբերում է հենց սրան: Վերջին օրերին համառորեն խոսակցություններ են շրջանառվում և մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ Ռուսաստանը Հայաստանին նոր զինատեսակներ է մատակարարելու: Չի բացառվում, որ սա գազային համաձայնագրի մի մաս է, և Մոսկվան այսպիսով Երևանին փոխհատուցելու է գազի թանկացումը: Այսինքն` գազը թանկանում է, իսկ դրա դիմաց Ռուսաստանն իր «մեղքը» քավում է Հայաստանին զենք մատակարարելով:
Բնական է, որ այդ ամենը պետք է ներկայացվի ադրբեջանական կողմից արկածախնդրության վտանգի հավանականությամբ, ինչով վերջին օրերին զբաղված է պաշտոնական Երևանը. վկան` Սերժ Սարգսյանի ելույթը ՊՆ-ում և նաև` ռուսական մամուլը:
Սա նաև շահավետ բացատրություն է քաղաքական տեսանկյունից: Այսինքն` մի կողմից` անհարմար կլիներ հայտարարել, որ գազը թանկացնում ենք, բայց փոխարենը հարմար պայմանով նոր զենք մատակարարում, մյուս կողմից` ադրբեջանական արկածախնդրության ֆոնն, իհարկե, թե Մոսկվային, թե Երևանին ընձեռում է, այսպես ասած, այլ քաղաքական մանևրների հնարավորություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների, իսկ Մոսկվայի դեպքում` նաև տարածաշրջանային գործընթացների առումով:









































