Այն, ինչ երեկ կատարվում էր Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում «Տաշիր-2011» մրցանակաբաշխություն անվան տակ, թերևս, կարելի է անվանել «Բարոյական անկում-2011» մրցանակաբաշխություն, քանի որ հենց այդ բնորոշումը լավագույնս համարժեք կլիներ այն ամենին, ինչ կատարվում էր բեմի վրա, և ինչին ականատես էինք լինում նաև «Արմենիա»-ի ուղիղ եթերի շնորհիվ: Հանդիսությունը, որ ամեն տարի կազմակերպում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, հայաստանյան շոու-բիզնեսի խրախուսման մի ռիտուալ է, որը ցույց է տալիս, թե բարոյական ինչպիսի անկում է տիրում ներկայումս թե՛ այդ շոու-բիզնեսում, թե՛ դրան հովանավորող մեծահարուստների արժեքային համակարգում, թե՛ այդ մեծահարուստների գործընկեր և այդ շոու-բիզնեսի գլխավոր պատվիրատու Հայաստանի իշխանության մտապատկերում:
Սամվել Կարապետյանը, որը Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է, միլիարդատեր, ամեն տարի «Տաշիր» մրցանակաբաշխության անվան տակ թանկարժեք նվերներ, ավտոմեքենաներ, բնակարաններ է նվիրում հայ «աստղերին»: Այս անգամ էլ կրկնվեց նույնը` Թաթան, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը և շատ ու շատ այլ աստղեր ստացան իրենց բաժին «նպաստը» և գոհ ու շնորհակալ ևս մի տարի կերկրպագեն Սամվել Կարապետյանին, ինչպես նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոն զբաղեցնող նրա եղբորը` Կարեն Կարապետյանին, դե, բնականաբար, երկրպագության հանրագումարն էլ կպատկանի նրանց գործընկեր Սերժ Սարգսյանին:
Այդ գործընկերության արդյունքում «աստղերը» կերգեն Սերժ Սարգսյանի նախընտրական նպատակների համար, Սամվել Կարապետյանը կվճարի նրանց երգ ու պարի համար, իսկ Սերժ Սարգսյանն էլ դրա համար Սամվել Կարապետյանի եղբորը կպահի իշխանական համակարգում` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Գործարքի ողջ էությունը հասկանալի է: Անհասկանալի է միայն, թե ինչ են զգում գործարքի սուբյեկտները՝ շատ լավ իմանալով, թե ինչպիսի իրավիճակ է նրանց հայրենիք Հայաստանում: Մենք դեռ հույս ունենք, որ այդ մարդկանց մեջ հայրենիքի զգացողությունը վերջնականապես չի կորել, և հայրենիքը դեռևս վերջնականապես չի դարձել նրանց գործարքի վճարամիջոց: Թեև տեղի ունեցողն իր ցինիզմով կարծես թե հուշում է, որ արդեն իսկ կորել է նաև հայրենիքի, հայրենակիցների իրական զգացումը, ու մնացել է միայն անձնական փառասիրության, նյութապաշտության, իշխանատենչության զգացումը։
Հետաքրքիր է, ի՞նչ են զգում Սամվել և Կարեն Կարապետյանը, որ Թաթային ու Սիրուշոյին բնակարան են նվիրում այն դեպքում, երբ Հայաստանում աղետի գոտում, սահմանամերձ շրջաններում, այլ գյուղերում ու քաղաքներում, թեկուզ հենց Երևանում, հազարավոր, հարյուրհազարավոր մարդիկ ոչ միայն բնակարանի կամ մեքենայի, այլ նույնիսկ մի ձեռք հագուստի և մի զույգ կոշիկի, մի կտոր հացի կարիք ունեն:
Ի՞նչ են զգում լայնահուն ժպիտով իրենց «նպաստները» ստացող Թաթան, Սիրուշոն կամ, ասենք, Տանզանիայում որսի համար տասնյակ հազարավոր դոլարներ ծախսող նրա սկեսրայր Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ են զգում սոցիալապես խիստ ապահովված այդ մարդիկ, երբ ստանում են նվերները՝ քաջ գիտենալով, որ Հայաստանում աղքատությունը խորանում է, որ մարդիկ լքում են Հայաստանը, քանի որ չեն կարողանում ապրել, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ երեխաներ են մնում անտուն, անշոր, անկոշիկ, անհաց, երբ հազարավոր երեխաներ ունեն կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն, բայց չունեն բուժման փող: Ի՞նչ են զգում «Տաշիր»-ի խրախճանքի բոլոր մասնակիցները, երբ գիտեն, որ հայաստանցիների մեծ մասը այսօր «ժանտախտի» պարտադրված մասնակից է դարձել: Իսկ ի՞նչ է զգում այդ ամենից գործարքի գլխավոր կողմը հանդիսացող Սերժ Սարգսյանը, որը այդ բարքերի կրող համակարգի գլուխն է այսօր: Ի՞նչ է նա զգում՝ բացի իր մասին կատակների ժամանակ եթերն անջատելուց, որ հանկարծ որևէ անդուր կամ տհաճ բան իր մասին եթեր չհեռարձակվի:
Սերժ Սարգսյանը, թերևս, իզուր է կարծում, որ դրանով ապահովում է իրեն անհարմար իրավիճակներից, անցանկալի կատակներից: Բանն այն է, որ ընդհանուր պատկերն ինքնին արդեն, մեղմ ասած, անհարմար իրավիճակ է առաջին հերթին հենց այն մարդու համար, որը զբաղեցնում է Հայաստան պետության նախագահի պաշտոնը: Որովհետև ուղիղ եթերում տեղի ունեցած թանկարժեք քեֆ-ուրախությունն ու առատ նվերները վիրավորանք ու ծաղր են հենց Հայաստան պետության հանդեպ` այդ պետության հարյուր հազարավոր քաղաքացիների հանդեպ, որոնք այսօր գոյության կռիվ են տալիս ամեն օր:










































