1933թ. հունվարի 17-ին իտալացի ներգաղթյալների ընտանիքում ծնվել է ֆրանսիացի երգչուհի Դալիդան (Իոլանդա Քրիստինա Ջիլյոտին)` տեղեկացնում է Calend.ru-ն:
Կրթություն ստանալով միանձնուհի քույրերի մոտ` արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունում 16 տարեկանից Իոլանդան աշխատում է որպես քարտուղարուհի:
1954թ. նա ծնողներից գաղտնի մասնակցում է «Միսս Եգիպտոս» մրցույթին ու հաղթում: Փոքրիկ դերերում նկարահանվում է կինոյում, զբաղվում երգեցողությամբ, ապա 1955թ. մեկնում Փարիզ՝ նվաճելու աշխարհի մշակութային մայրաքաղաքը:
Փարիզում Դալիդան երգում է կաբարեում, իսկ 1 տարի անց հնարավորություն ստանում հանդես գալ երիտասարդ կատարողների մրցույթում : Նրան նկատում են, ու սկսվում է երգչուհու աստղային կարիերան:
Նրա ընկերն ու հովանավորն էր Լյուսիեն Մորիսը` Europe1-ի երաժշտական տնօրենը, որը հետագայում դառնում է նրա ամուսինը: Նրա երգերը սկսում են անընդհատ հնչել ռադիոյով: Դալիդային ընդամենը 1 տարի էր անհրաժեշտ` հայտնի դառնալու համար:
1960-ականներին նա շատ հայտնի էր ոչ միայն Ֆրանսիայում, այլև շատ այլ երկրներում:
1961թ. նա ամուսնանում է Լյուսիեն Մորիսի հետ, ում հետ արդեն 5 տարի հանդիպում էր: Հյուրախաղերի ժամանակ նա ծանոթանում է երիտասարդ նկարիչ Ժան Սոբեսկիի հետ, ում միանգամից սիրահարվում է, իսկ Լյուսիենը, չհանդուրժելով նրա դավաճանությունը, ամուսնալուծվում է կնոջից:
Նրա նոր սերը՝ իտալացի երգիչ Լուիջի Տենկոն, 1967թ. Սան Ռեմոյի փառատոնում անհաջող ելույթից հետո ինքնասպան է լինում:
Դալիդան փորձում է ինքնասպան լինել, սակայն նրան փրկում են:
1970-ականներին նրա ժողովրդականությունը աճում է: Նա դուետ է ձայնագրում Ալեն Դելոնի հետ, սկսում ստեղծագործել դիսկո ոճում:
1986թ . Դալիդան նկարահանվում է եգիպտացի հայտնի ռեժիսոր Յուսեֆ Շայինի «Վեցերորդ օրը» ֆիլմում՝ արժանանալով կինոքննադատների հիացական գնահատականներին: Սակայն երգչուհին իրեն ավելի ու ավելի դժբախտ է զգում: Համոզված, որ կյանքը իրեն այլևս ոչինչ չի կարող տալ, նա 1987թ. մայիսի 3-ին ընդունում է քնաբերի մեծ քանակություն և մահանում:











































