Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հինա Ռաբբանի Խարը Հնդկաստանի իր գործընկեր Սազլման Խուրշիդին առաջարկում է բանակցել Քաշմիր ու Ջամմա շրջաններում մի շարք զինված բախումներից հետո երկու երկրների միջև իրավիճակը կարգավորելու շուրջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով հնդկական IBN հեռուստաալիքին:
«Սահմանի այն կողմից քաղաքական գործիչների ու զինվորականների թշնամական հայտարարությունների ու լարվածությունը խորացնելու փոխարեն` ես երկու երկրներին խորհուրդ կտայի միգուցե արտգործնախարարների մակարդակով քննարկել ու լուծել բոլոր վիճելի հարցերը հսկողության սահմանագծին, որպեսզի թույլ չտրվի խախտել կրակի դադարեցման մասին համաձայնագիրը (2003թ.): Իրավիճակի սրումը անարդյունավետ է»,- հայտարարել է Խարը:
Նրա կարծիքով՝ Պակիստանն ու Հնդկաստանը Հարավային Ասիայի կարևոր պետություններից են, և «անհրաժեշտ է, որ ցուցաբերեն պատասխանատու մոտեցում խաղաղության պահպանման հարցում՝ երկխոսության միջոցով լուծելու բոլոր խնդիրները»:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին հարձակում էր տեղի ունեցել հնդկական սահմանային ուղեկալի վրա՝ Քաշմիրի ու Ջամմայի հատվածում: Հարձակվողները կտրել էին երկու հնդիկ զինվորների գլուխները:
Իսլամաբադը հերքում է մեղադրանքները՝ հնդկական իշխանությունների հայտարարությունները համարելով քարոզչություն:







































