Եգիպտոսի հյուսիսում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության հաղորդագրությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին:
Գերատեսչության տվյալներով՝ փլուզված շենքի ութ բնակիչներ, որոնք դուրս են բերվել փլատակների տակից, տեղափոխվել են հիվանդանոց:
8 հարկանի բնակելի տունը փլուզվել է չորեքշաբթի լուսաբացին Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայի թաղամասերից մեկում: Փրկարական աշխատանքները դադարեցվել են երեկ երեկոյան, երբ արդեն պարզ է դարձել, որ ավերակների տակ ողջ մնացած մարդիկ այլևս չկան:
Նախնական տվյալների համաձայն՝ շենքը փլուզվել է շինարարական խախտումների պատճառով:
Նշենք, որ 2011թ. Ալեքսանդրիայում փլուզվել է մի քանի շենք, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Ալեքսանդրիայի նահանգապետ Մուհամմադ Աթա Աբասի խոսքերով՝ քաղաքում խախտումներով կառուցվել է շուրջ 14 հազար շինություն:












































