Թուրքիայի բնակիչներն այլևս չեն ցանկանում, որպեսզի իրենց երկիրն անդամագրվի Եվրամիությանը: Նման հայտարարություն են արել Թուրքիայի ռազմավարական և սոցիալական հետազոտությունների METROPOLL կենտրոնի սոցիոլոգները: Radikal թերթի տեղեկություններով՝ կենտրոնի մասնագետները հարցումներ են անցկացրել Թուրքիայի բնակիչների եվրաինտեգրացիոն տրամադրությունների վերաբերյալ:
Այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում կարտահայտեն նրանք ԵՄ Թուրքիայի մուտքի համաժողովրդական հանրաքվեի դեպքում, հարցվածների 43 տոկոսը 2013-ի սկզբին դրական դիրքորոշում են արտահայտել և աջակցել երկրի ինտեգրմանը եվրոպական կառույցին, մինչդեռ 2008 թվականին եվրաինտեգրացիոն տրամադրություններ էր դրսևորել բնակչության 69 տոկոսը:
Այսպիսով՝ երկրի ներսում Թուրքիայի եվրաինտեգրման կողմնակիցների թիվը նվազել է 26 տոկոսով: Թուրքիայի եվրաինտեգրման դեմ է միանշանակ հանդես եկել հարցվածների 41 տոկոսը:
Հարցումները երկրի 31 քաղաքներում անցկացվել են 1202 մարդկանց շրջանում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը:





































