Ղազախստանի ընդդիմությունը նախաձեռնում է հանրաքվե անցկացնել` Մաքսային միության կազմից երկիրը դուրս բերելու վերաբերյալ: Հանրաքվեի կողմնակիցների հանրապետական ժողովը նշանակված է փետրվարի 23-ին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ժողովի մասնակիցները կքննարկեն 4 հարց, որոնք ընդդիմությունն առաջարկում է վճռել հանրաքվեով: Դրանք են` Մաքսային միության և Միացյալ տնտեսական տարածքից Ղազախստանի դուրսբերում, մասնավորեցման արդյունքների վերանայում, բոլոր մակարդակների վարչակազմերի ղեկավարների ընտրություն և Ղազախստանում ատոմային էլեկտրակայանների և միջուկային վառելիքի միջազգային բանկի շինարարության արգելք:
Նախաձեռնող խումբը հարցերի հստակեցումից հետո փաստաթղթերը ստուգման նպատակով կուղարկի ԿԸՀ, որից հետո կպահանջվի հավաքել հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ առնվազն 200 հազար ստորագրությունը:








































