ԱՄՆ-ը բյուջեի կրճատման դեպքում նավահանգիստներ կվերադարձնի ավիակիրներն ու այլ նավեր, ինչպես նաև ժամանակավորապես կդադարեցնի զորավարժությունները: Այս մասին հայտարարել է ամերիկյան զինուժի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գենեալ Մարտին Դեմփսին՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Բյուջեի ավտոմատ կրճատումը (1.2 տրիլիոն դոլարի չափով ծախսերի կրճատումը՝ հավասարապես ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև) ԱՄՆ-ում կսկսվի 2013-ի մարտի սկզբին, եթե ԱՄՆ վարչակազմն ու Կոնգրեսը պայմանավորվածություն ձեռք չբերեն բյուջեի դեֆիցիտի կրճատման տարբերակների շուրջ:
Դեմփսին հայտարարել է նաև, որ ԱՄՆ զինուժի մարտական պատրաստվածության մակարդակը չի իջեցվի, և զինվորականները կանեն ամեն ինչ, որպեսզի բանակը, ավիացիան և նավատորմը անհրաժեշտության դեպքում լուծեն ցանկացած մարտական հանձնարարություն և ապահովեն երկրի անվտանգությունը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ իր գերատեսչությունը պատրաստվում է բյուջեի կրճատման հնարավոր մեկնարկին և շուրջ 800 հազար քաղաքացիական ծառայողների կրճատելու և անվճար արձակուրդի ուղարկելու նախագիծ է մշակում:







































