ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, դեսպանը ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները քաղաքական, տնտեսական ոլոտներում և անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների թեմաներին:
Մասնավորապես, Հեֆերնը նշել է, որ անհրաժեշտ է բացել հայ-թուրքական սահմանը՝ ընդգծելով միջսահմանային, տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը: Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին՝ դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից 1915թ. իրադարձությունների որակման հարցը որոշվում է բարձրագույն ատյաններում, ընտրյալ քաղաքական գործիչների, այլ ոչ թե առանձին դեսպանների կամ Վաշինգտոնի կողմից:
Այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ինչպես կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, երբ Ադրբեջանի նախագահը մշտապես սպառնալիքներ և հակահայկական հայտարարություններ է հնչեցնում, դիվանագետը պատասխանել է, որ Մինսկի խումբը դատավոր չէ, այլ միայն միջնորդ:
Հեֆերնի կարծիքով՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առկա են ամուր քաղաքական հարաբերություններ, ինչի ապացույցն է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը 18-ամյա ընդմիջումից հետո: Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա դեսպանը նշել է, որ դրանք դեռևս համապատասխան մակարդակի վրա չեն:
«Ամերիկյան կողմից հավելյալ ներդրումների համար անհրաժեշտ են բարեփոխումներ բիզնեսի ոլորտում, մրցակցության ապահովում, թափանցելիություն և բարեփոխումներ մաքսային քաղաքականությունում»,-հավելել է նա:
Դեսպանը նշել է, որ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան խնդիրն է օգնել հանրապետությանը կայանալ որպես ժողովրդավարական, ծաղկող և անվտանգ երկիր: Նա նաև ընդգծել է ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարևորությունը:
«Կարծում եմ՝ գալիք նախագահական ընտրություններից հետո կարելի է նոր եզրակացություններ անել»,- հավելել է Հեֆերնը:







































