Արգենտինայի հարավում՝ Կոմոդորո-Ռիվադավիա քաղաքում, ուժեղ անձրևները և քամին ավերել են ավելի քան 50 բնակելի տներ, տարբեր վնասվածքներով քաղաքային հիվանդանոցներ է տեղափոխվել հինգ մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ուժեղ քամիով և կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևները սկսվել են երեքշաբթի գիշերը: Օդերևութաբանների տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում տեղացել են ավելի քան 100 մմ տեղումներ:
Ջուրը հեղեղել է քաղաքի կենտրոնական փողոցները: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ ջրի հոսքը քշել է ավելի քան 30 մեքենա: Մի շարք դեպքերում փողոցներում ջրի մակարդակը հասել է մինչև մեկ մետրի: Փրկարար ծառայությունները հաղորդել են, որ ամենաշատը տուժել են քաղաքի արևմտյան շրջանները:
Տեղի իշխանությունները դեռևս չեն որոշել բնական աղետից հասցված վնասի չափը: Ներկա պահին քաղաքում աշխատում է ավելի քան 50 փրկարարական ջոկատ:










































