Դալասում քանդել են երկհարկանի բազմաբնակարան համալիր, որտեղ Ջոն Քենեդիի սպանությունից առաջ ապրել է Լի Հարվի Օսվալդը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, բուլդոզերը սկսել է շինության պատը քանդել հենց այն կողմից, որտեղ գտնվել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահի մարդասպանի բնակարանը:
Էլսբեթ-Սթրիթի թիվ 600 տան քանդման գործընթացին հետևում էին բազմաթիվ հետաքրքրասեր մարդիկ: Ոստիկանությունը շրջափակել է Էլսբեթ-Սթրիթը, սակայն ցանկացողներին թույլ է տալիս վերցնել քանդված շինության աղյուսներից:
Քենեդին սպանվել է 1963 թ. նոյեմբերի 22-ին: Օսվալդը ձերբակալվել է հենց նույն օրը նախագահի և մի ոստիկանի սպանության կասկածանքով: Երկու օր անց ենթադրյալ մարդասպանին, որը հերքում էր իր մեղքը, սպանել է գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին:
Նախագահական հանձնաժողովի հետաքննությունը պարզել է, որ Օսվալդը միայնակ է իրականացրել Քենեդու սպանությունը: Հետագա պաշտոնական հետաքննությունը ցույց է տվել, որ հրաձիգը կարող էր հանցակիցներ ունենալ:










































