Դեկտեմբերի 6-ին 92 տարեկանում Մանչեսթերի իր տանը կյանքից հեռացել է ամերիկացի ինժեներ Ռալֆ Բաերը, որին հաճախ անվանում են «տեսախաղերի հայր»: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Բաերի որդիներից մեկին՝ Մարկ Բաերին, ով չի նշել հոր մահվան պատճառը:
Ինչպես նշում է թերթը՝ հեռուստատեսության արշալույսին՝ 1951թ., ինժեները դիմել է ամերիկյան էլեկտրոնային ընկերություններից մեկին և արմատական գաղափար առաջարկել, որն առնչվել է հեռուստացույցի համար խաղերին, բայց մերժում է ստացել: Բաերից ևս 15 տարի է պահանջվել նախատիպը մշակելու համար, որի շնորհիվ նրան անվանել են «տեսախաղերի հայր»: Ինժեների մշակումն օգնել է դնել արդյունաբերության հիմքը, որը փոխել է հեռուստացույցների դերը և տասնյակ միլիարդավոր դոլարների շահույթ է բերում:
Նախատիպը, որը Բաերը ստեղծել է ինժեներներ Ուիլյամ Հարիսոնի և Ուիլյամ Ռուշի հետ, անվանել են «դարչնագույն արկղ», քանի որ դրա վրա սոսնձված է եղել փայտից ժապավեն: Նախագիծը չի հետաքրքրել խոշոր արտադրողներ General Electric-ին, Motorola-ին և Zenith-ին, և 1971թ. արտոնագիրը գնել է Magnavox ընկերությունը: Հաջորդ տարի թողարկվել է Odyssey կոնսոլը՝ Sony-ի PlayStation-ի, Nintendo-ի Wii-ի և Microsoft-ի Xbox-ի նախակարապետը:








































