Այսօր Հայաստանը նշում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 26-րդ տարելիցը: Երկրաշարժի հետևանքով Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, իսկ երկրի երկրորդ քաղաք Գյումրին վերածվեց կիսավեր մի քաղաքի, որը այսօր՝ երկրաշարժից 26 տարի անց էլ, գրեթե այդպիսին է: Զուտ նոմինալ առումով Գյումրիում ահագին բան է կառուցվել և կառուցվում, բայց քաղաք, որպես այդպիսին, այսօր գրեթե չկա:
Բանն այն է, որ քաղաքը միայն շինություններն ու ենթակառուցվածքները չեն, այլև մթնոլորտը: Եվ այս տեսանկյունից է, որ 26 տարի անց պետք է չափվի աղետի գոտին: Շենքերը կառուցվում են, մի օր այդ շինարարությունը կավարտվի, և մենք իսկապես հրաժեշտ կտանք աղետի գոտի հասկացությանը, բայց ինչ է կատարվում այդ տարածքում մթնոլորտի առումով: Եվ սա է գլխավոր խնդիրն այսօր, ու այդ տեսանկյունից բավական հատկանշական է հենց Գյումրին: Ինչո՞վ է հատկանշական. օրինակ՝ նրանով, թե ով էր Գյումրիում քաղաքապետ մի քանի տարի առաջ: Հայտնի է, թե ով էր, և հայտնի է, թե այդ քաղաքապետն ու նրա հարազատները ինչ աղմկոտ պատմությունների մեջ են ընկել անցած տարիների ընթացքում:
Ինչ-որ պահից Գյումրին սկսեց ընկալվել նույնիսկ որպես Հայաստանի կրիմինալ մայրաքաղաք, որտեղ քրեական ռազբորկաներն ու այդ կարգի փոխհարաբերությունները դարձել են սովորական մի բան: Այլ կերպ ասած՝ Գյումրին ոչ միայն աղետի գոտի է երկրաշարժից տուժած լինելու իմաստով, այլ նաև արդեն ավելի շատ աղետի գոտի է տեղական իշխանիկներից տուժած լինելու իմաստով: Եվ սա շատ հատկանշական ու խորհրդանշական է աղետի գոտու հանդեպ Հայաստանի իշխանության վերաբերմունքի առումով: Չէ՞ որ այդ զգայուն գոտում պետք էր հոգ տանել մարդկանց ոչ միայն ֆիզիկական կարիքների, այլ նաև բարոյական մթնոլորտի, հոգեբանական մթնոլորտի, աշխարհայացքի ձևավորման, նոր մտածողության ձևավորման տեսանկյունից:
Այդ առումով այսպես ասած՝ հյուսիսային Հայաստանի առանցք, աղետի գոտու ամենանշանակալի բնակավայր հանդիսացող Գյումրիում իշխանությունը պետք է դրսևորեր իր վերաբերմունքը հենց այդ տեսանկյունով: Գյումրիի հանդեպ այդ վերաբերմունքի դրսևորումը պետք է երկրորդ քաղաքից ճառագեր նաև աղետի գոտու մյուս բնակավայրեր: Բայց դրա փոխարեն կա այն, ինչ կա, և այդ եղածը կարծես թե իրեն բավական հարմար ու լավ է զգում և մտածում է շարունակվելու մասին: Սա է, որ, իբրև վերաբերմունքի, իբրև մոտեցման, իբրև պատկերացումների և քաղաքականության դրսևորում, այսօր առավել մտահոգիչ է աղետի գոտու առումով:
Գյումրիում տեխնոպարկ կառուցելու պլաններով հնարավոր է առավելագույնը ինչ-որ պատրանքներ ստեղծել, որոնք սակայն կզարնվեն նախկինում ղուկասյանական, իսկ այժմ բալասանյանական պատերին ու կփշրվեն, ինչպես փշրվում էին նախկինում ղուկասյանական, իսկ այժմ բալասանյանակն շահերի դեմ ելնողները Գյումրիում: Հայաստանի իշխանությունը աղետի գոտու հանդեպ, տնտեսական և շինարարական ծրագրերից զատ, պետք է հստակ քաղաքական վերաբերմունք ձևավորի: Մնացյալի դեպքում, ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են:











































