«Հայաստանի և Ադրբեջանի էլիտաները շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ, ինչպես նաև հետագա էսկալացիայով». Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարներին նվիրված իրենց վերլուծական աշխատությունում նման եզրահանգման են եկել կոնֆլիկտաբան Արտակ Այունցը, քաղաքագետ Միքայել Զոլյանը և պատմաբան Տիգրան Զաքարյանը:
Այսօր լրագրողների և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Արտակ Այունցը տեղեկացրեց, որ «Ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիայի հեռանկարները» վերլուծական համառոտագիրը պատրաստվել է Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի աջակցությամբ՝ 2014թ. գարնան և ամռան ամիսներին Հայաստանում անցկացված փաստաթղթերի վերլուծության փորձագիտական հարցման և ֆոկուս-խմբերի քննարկումների արդյունքում հավաքած տվյալների հիման վրա:
Բանախոսը պարզաբանեց, թե ինչու են վերլուծականում հակամարտության լուծման փոխարեն խոսում տրանսֆորմացիայի մասին: Նա նշեց, որ կոնֆլիկտաբանությունը տարանջատում է կոնֆլիկտների հետ գործ ունենալու մի քանի մեխանիզմներ, այդ թվում՝ տրանսֆորմացիա: Ըստ նրա՝ երբ խոսում ենք լուծման մասին, դա նշանակում է, որ հակամարտող կողմերը բավարարել են իրենց հիմնական պահանջները, այնինչ կան ձգձգված բազմաշերտ հակամարտություններ, որտեղ բարդ է խոսել վերջնական լուծման մասին, որովհետև կողմերն ունեն դիրքեր, որոնցից չեն ցանկանում դուրս գալ, լուծման տարբերակներ առաջարկելը բարդ է, քանի որ դրա համար լուրջ փոխզիջումներ են պետք, որոնց պատրաստ չեն:
«Ուստի վերցրինք տրանսֆորմացիան՝ որպես մեթոդաբանություն, փորձեցինք հասկանալ՝ կա՞ արդյոք հակամարտության կարգավորման այլ մեխանիզմ: Հակամարտությունը չի կարգավորվում նաև հակամարտության խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, քանի որ հասարակության բազմաշերտ խմբերը դրանից չեն դադարի հակառակորդին դիտարկել որպես թշնամի: Կա հակամարտության շուրջ մի մեծ դաշտ, որտեղ գործունեություն պետք է ծավալի քաղաքացիական հասարակությունը»,- ասաց Այունցը:
Վերջինիս համոզմամբ՝ աշխատանքը կարող է տարվել մի քանի ուղղությամբ. ԶԼՄ-ների հետ աշխատանք, որպեսզի ճիշտ կիրառվեն պատերազմական հռետորաբանությունը և հասարակությունների միջև ակտիվ շփումների ապահովումը: Ըստ նրա՝ վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ հստակորեն պետք է ձևակերպվեն խաղաղարարական աշխատանքները, խորացվեն աշխատանքները, որոնք նպաստում են փոխզիջումների ճանապարհով հակամարտության կարգավորմանը, կիրառվեն լծակներ հակամարտող երկրների նկատմամբ ազդեցության համար:
Իր հերթին քաղաքագետ Միքայել Զոլյանն ասաց, որ իրենց վերլուծության ընթացքում եկել են այն եզրահանգման, որ իշխող էլիտաները շահագրգռված չեն հակամարտության վերջնական կարգավորմամբ, բայց նաև շահագրգռված չեն հակամարտության հետագա էսկալացիայով:
Պատմաբան Տիգրան Զաքարյանն իր խոսքում կարևորեց ԶԼՄ-ների և համապատասխան գերատեսչությունների հռետորաբանությունը և որակավորումների ճիշտ կիրառությունը: Նա, մասնավորապես, ոչ պրոֆեսիոնալ համարեց ԼՂ ՊԲ-ի աշխատանքը և հաղորդագրություններում «ասկյար» որակման ներկայացումը: Նրա համոզմամբ՝ պետք է աշխատել թշնամու կերպարի տրասնֆորմացման ուղղությամբ:









































