Հայաստանում կարծես թե բոլորը բացել են իրենց խաղաքարտերը, և ամեն ինչ ներկայումս սեղանի վրա է, բայց մի բան կարծես թե մնացել է: Ռոբերտ Քոչարյանը դեռ չի ասել իր խոսքը, որը խոստացել էր նրա խոսնակը դեռևս նախորդ տարեվերջին՝ ասելով, թե Քոչարյանն, իհարկե, չի առաջադրվի, բայց իր կարծիքը նախագահական ընտրության վերաբերյալ կասի:
Այդ կարծիքն, անշուշտ, հազիվ թե որևէ բան փոխի առկա վիճակում կամ որևէ հարցում ունենա վճռորոշ նշանակություն: Բայց, այդուհանդերձ, այն հետաքրքիր կլինի, քանի որ ինչքան էլ ներկայիս իրավիճակում խաղաքարտերը համարենք բացված, կասկածից վեր է, որ շատերը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և առավել ևս Ռոբերտ Քոչարյանը, 2017-18 թվականների համար ունի պահած խաղաքարտեր և պահած երազանքներ կամ ցանկություններ, ինչը նշանակում է, որ նրա ներկայիս խոսքը 2013 թվականի համար լինելով ոչ վճռորոշ, ոչ ազդեցիկ, ոչ նշանակալից, կարող է, ըստ էության, հանդիսանալ 2017-18 թվականների գործընթացի հետ կապված յուրօրինակ մեսիջ իշխանական համակարգին:
Այս տեսանկյունից, Քոչարյանի արձագանքը, իհարկե, սպասվում է հետաքրքրությամբ, ինչը կբնորոշի, թե որտեղ է նա հիմա՝ ոչ ֆիզիկապես, այլ բովանդակության տեսանկյունից, և ինչ երթուղի է նախատեսում իր համար առաջիկայում: Հետաքրքրական է մի քանի ասպեկտ՝ ի՞նչ է ասելու Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ Հայաստանի» կապակցությամբ: Բոլորովին վերջերս նա երկու անգամ բացահայտորեն իր ուրախությունն էր հայտնել, որ կուսակցությունը դարձել է մեծ հեղինակություն ունեցող քաղաքական ուժ: Այդ քաղաքական ուժը, սակայն, քաղաքագիտական և քաղաքական պարադոքս թույլ տվեց՝ ունենալով 500 հազար քվե և հրաժարվելով նախագահական ընտրություններին մասնակցելուց: Ի՞նչ բնորոշում է տալու Քոչարյանը ԲՀԿ-ին: Ի՞նչ մոտեցում է հայտնելու կուսակցության այդ քայլի վերաբերյալ:
Մեծ է հավանականությունը, որ Քոչարյանն անպայմանորեն կքննադատի կառավարությանը: Սա, թերևս, նրա հետնախագահական ելույթների, այսպես ասած, կարմիր թելն է՝ անկախ դրանց թեմատիկայից: Հետաքրքրական կլինի, թե Քոչարյանն ի՞նչ տեղ կտա Սերժ Սարգսյանին: Բանն այն է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դժգոհի ներկայիս վիճակից, ապա այդ դեպքում նրա համար շատ դժվար է լինելու չխոսել այն մասին, թե ինչու չառաջադրվեց նախագահի թեկնածու, եթե վիճակից դժգոհ էր մինչև Սերժ Սարգսյանի մակարդակով: Եվ այստեղ ակնհայտ է, որ Քոչարյանն ունենալու է չառաջադրվելու պատճառների լուրջ պրոբլեմ:
Ընդհանրապես, պետք չէ բացառել նաև, որ երկրորդ նախագահի արձագանքը ոչ թե նախանշի նրա հետագա ծրագրերը կամ նպատակները, այլ հանդիսանա նրա հրաժեշտի ելույթը: Խնդիրն, իհարկե, Քոչարյանի տարիքը կամ մարզավիճակը չէ, այլ համաշխարհային վիճակն ու դրա ներհայաստանյան պրոյեկցիան ընդհանրապես: Այդ համատեքստում, չի բացառվում, որ 2013 թվականի, այսպես ասած, ամայությունը կրի երկարաժամկետ բնույթ՝ «քսանամյա» դաշտի համար՝ փաթեթային հեռացման առումով: Իհարկե, դատելով Ռոբերտ Քոչարյանի կառավարման և քաղաքական մեթոդների բնույթից, նրա խառնվածքից, քիչ հավանական է թվում, որ նա հրաժարվի իշխանություն վերադառնալու մտքից: Բայց այստեղ կա երկու հանգամանք:
Նախ՝ Քոչարյանի գլխավոր խնդիրն, անշուշտ, իր կապիտալի երաշխիքներն են, որոնք նա կարող է ստանալ՝ Հայաստանում ծավալվող աշխարհաքաղաքական համատեքստի լուրջ գործընթացներին դեստրուկտիվ միջամտություն չցուցաբերելու դիմաց, իսկ մյուս կողմից էլ՝ Քոչարյանն ինքն, անշուշտ, ունի բավարար ադեկվատություն, այդ գործընթացների համատեքստում և ներքին զարգացումների տրամաբանության մեջ իր շանսերը ռացիոնալ գնահատելու և ավանտյուրայի չգնալու համար՝ չունենալով հաջողության բացարձակ համոզվածություն, ինչպես նաև պատկերացնելով, որ ոչ բացարձակ ցանկացած հաջողություն նրա համար հավասարազոր կլինի վերջնական ձախողման:









































