Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն կարգադրել է ստուգել բոլոր քաղաքային պայմանագրերն այն բանից հետո, երբ ոստիկանությունն Իտալիայի մայրաքաղաքում բացահայտել է խոշոր կոռուպցիոն ցանց՝ բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ: Այս մասին գրում է BBC-ն:
Մարինոն նման հայտարարություն է արել Իտալիայում հակակոռուպցիոն գերատեսչության ներկայացուցիչների հետ խորհրդակցությունից հետո:
Կոռուպցիայի գործով ձերբակալվել են 37 կասկածյալներ, ևս 100-ից ավելի մարդ գտնվում է հետաքննության տակ: Դրանց թվում է Հռոմի նախկին քաղաքապետ Ջանի Ալեմանոն, ով ժխտում է իր մասնակցությունը:
Հետաքննության տվյալներով՝ քաղաքական գործիչները համագործակցել են հանցախմբերի հետ՝ միգրանտների և փախստականների կենտրոնի համար նախատեսված միջոցները հափշտակելու նպատակով:









































