ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է համաշխարհային ցանցային կապի առաջատար օպերատորներին: Այս մասին ասվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի փաստաթղթերում՝ գրում է The Intercept պարբերականը:
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ Aurora Gold գաղտնի ծրագրի միջոցով ԱԱԳ-ն փորձել է ամբողջ աշխարհում գործող հարյուրավոր բջջային ընկերությունների անվտանգության համակարգերում գտնել թույլ տեղեր, որոնք հետագայում հնարավոր կլիներ օգտագործել լրտեսության նպատակով:
Նշվում է նաև, որ գաղտնալսման նպատակներով ամերիկյան հետախուզությունը խոցելի էր դարձնում ցանցային կապի անվտանգության համակարգերը: Համաձայն փաստաթղթերից մեկի՝ 2012-ի մայիսին ԱՄՆ հետախուզությունը տեխնիկական տեղեկատվություն է ստացել աշխարհում 70 տոկոս բջջային ցանցերի մասին:
ԱԱԳ-ն լրտեսել է նաև GSM Association բրիտանական կազմակերպությանը, որի անդամներից են ռուսական «ՄՏՍ», «Մեգաֆոն» և «Բիլայն» օպերատորները:











































