«Հարավային հոսքից» հրաժարվելու պատճառ է դարձել ոչ միայն աշխարհաքաղաքական լարվածությունը, այլև ռուսական գազի թույլ պահանջարկը: Այս մասին ասվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության հաշվետվությունում՝ փոխանցում է Korrespondent.net-ը:
Գործակալության փորձագետների կարծիքով՝ միջնաժամկետ հեռանկարում ԵՄ երկրների՝ ռուսական գազի պահանջարկը կարող է բավարարվել «Հյուսիսայն հոսք» գազատարի միջոցով մատակարարումների, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող գազատարների հաշվին, որոնք անցնում են Ուկրաինայի տարածքով:
Բնական գազի սպառումը էեկտրաէներգիայի մշակման համար առաջիկա տասնամյակում աստիճանաբար կնվազի, մինչդեռ Եվրոպայում գազի ընդհանուր պահանջարկը, ներառյալ դրա կիրառությունն արդյունաբերական և կոմունալ կարիքների համար, կաճի շատ աննշան:
Գործակալության գնահատականներով՝ գազի սպառման կայուն աճն էլեկտրաէներգետիկայում կսկսվի 2026 թվականից ոչ շուտ՝ մի շարք ԱԷԿ-ների շահագործումից, ինչպես նաև ածխի ջերմային էլեկտրակայանների դուրսբերումից հետո:











































