ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այն կարծիքին է, որ անկախ նրանից՝ ով է մասնակցում ընտրություններին, իսկ ով` ոչ, մեկ հարցի պատասխան պետք է տրվի՝ ինչ է լինելու փետրվարի 18-ից հետո: Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից պարզ է դառնում, որ անգամ ինքն է այս վիճակից դժգոհ, և եթե ինքն է դժգոհ, ուրեմն պարզ է, թե ինչ վիճակ է:
Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ այս հինգ տարիների ընթացքում ընդդիմության ծրագրերը կյանքի կոչելու միակ խոչընդոտը իշխանությունն էր:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ այն կարծիքին է, որ նախընտրական գործընթացներում ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը պետք է տեղափոխվեր փոխադարձ մեղադրանքների դաշտ, և սա նորմալ երևույթ է: Խնդիրը, ըստ նրա, մեկն է՝ քսան տարիների ընթացքում արդեն ունենք կայացած պետության, կայացած ընտրությունների մասին խոսելու, քաղաքացիական հասարակության, հանդուրժողական մթնոլորտ ձևավորելու, քաղաքական կայացած համակարգի նախադրյալներ: Իհարկե, ունենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից բխող թերացումներ, բացթողումներ, ձախողումներ, որոնք էլ հանդիսանում են իշխանության գործունեության առաջիկա տարիների մոտիվացիան:
«Այսինքն` եթե չկա հասարակության մեջ որևէ բան փոխելու, բարելավելու, բարեփոխումների անհրաժեշտություն, բնականաբար` չկա նաև քաղաքական գործունեությամբ զբաղվելու իմաստ, և իշխանությունը իր գործունեությունը կառուցում է հասարակության մեջ առկա պահանջների հիման վրա»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանը ընդդիմության` ընտրություններին չմասնակցելը համարում է ոչ ճիշտ գործունեություն, ինչով էլ պայմանավորված` հրապարակ են գալիս քաղաքականության հետ կապ չունեցող թեկնածուներ, որոնք դեռ քաղաքական գործիչ դառնալու խնդիր ունեն:
Նրա խոսքով` սա քաղաքական համակարգի բացն է, որը պետք է լրացնեն քաղաքական կուսակցությունները, որոնք այդպես էլ հասարակությանը չեն բացատրում, թե ինչու չեն մասնակցում:
Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումը չի նշանակում, թե նա հեռացավ քաղաքականությունից: Բացի այդ` նա չի կարծում, որ Հրանտ Բագրատյանը կարիք ունի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջադրվելու, որովհետև նա հայտնի քաղաքական գործիչ է, դժվար ժամանակներում եղել է Հայաստանի վարչապետ և հիմա էլ ԱԺ-ում ցույց է տալիս իր պրոֆեսիոնալիզմը:
Իսկ թե ինչու ՀԱԿ-ը չի բոյկոտում ընտրությունները` Հ. Իգիթյանը ասաց, որ բոյկոտի փորձ ունի միայն ՀՀՇ-ն՝ 89-ին երկու անգամ: Բոյկոտը միայն չառաջադրվելը կամ չմասնակցելը չէ, այլև այն, որ այնքան ուժ ունես, որ կարողանում ես հասարակության մեծամասնությանը համոզել, որ այն, ինչ կատարվում է, խաղ է, և միայն ակտիվ չմասնակցությունը կարող է փրկել իրավիճակը:









































