Մալիում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկը՝ «Արևմտյան Աֆրիկայում հանուն միասնության և ջիհադի շարժումը», ի պատասխան երկրում ֆրանսիական զորքերի կողմից իրականացվող ռազմական օպերացիայի` Ֆրանսիային սպառնում է ահաբեկչություններով: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Ֆրանսիան հարձակվել է իսլամի վրա: Մենք կհարվածենք Ֆրանսիայի սրտին»,- գործակալությանը հեռախոսով հաղորդել է խմբի ներկայացուցիչներից մեկը՝ Աբու Դարդարը:
Ի պատասխան այդ սպառնալիքների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլիզաբեթ Գիգուն հայտարարել է, որ Ֆրանսիան այդ սպառնալիքները լուրջ է ընդունում: BFM TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ իշխանությունները երկու օր առաջ հենց այնպես չեն որոշել ուժեղացնել վտանգավորության մակարդակը` Ֆրանսիայում մշտապես գործող ահաբեկչության հակազդման ծրագրի շրջանակներում:










































