AC/DC ռոք-խմբի թմբկահար Ֆիլ Ռադին Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքի համար, հայտնում է ABC News-ը: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի Տաուրանգա քաղաքում, որտեղ ներկայումս ապրում է երաժիշտը: Փողոցի սրճարաններից մեկի մոտ Ռադը փորձել է հարձակվել պատահական անցորդի վրա:
Ծեծկռտուքին վկա է դարձել հաստատության տեր Լեո Ռոխասը: Նրա խոսքով՝ տղամարդը, որի հետ կռվել է AC/DC-ի անդամը, նրանից շատ ավելի խոշորամարմին է եղել, և ինչպես իրեն թվացել է, փորձել է արագ հեռանալ: «Դա նման էր ինչպես չիխուախուան կռվեր հսկա շան հետ»,- ասել է Ռոխասը: Սրճարանի տերը նաև հավելել է, որ ծեծկռտուքին միջամտել է Ռադի թիկնապահը, բայց երաժիշտը փորձել է մի քանի հարված էլ նրան հասցնել: Շուտով ժամանել են ոստիկանները և տարել Ռադին, բայց ավելի ուշ բաց են թողել:
Տաուրանգայի ոստիկանությունում դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Ֆիլ Ռադը մեղադրվում էր սպանություն կազմակերպելու համար, բայց Նոր Զելանդիայի իշխանությունները հանել են նրա դեմ առաջադրված մեղադրանքները և ազատ արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ նա թմրանյութ չի գործածի և վեճ չի ստեղծի:
Հայտնի է, որ երաժշտի տանը խուզարկություն են արել, որից հետո Ռադին մեղադրել են նաև մետամֆետամին և կանեփ պահելու համար: Նշվում է, որ նրան դեռ կարող են մեղավոր ճանաչել սպանելու սպառնալիքների և հոգեմետ նյութեր պահելու համար:









































