Կիրակի անհայտ անձինք ռումբ են պայթեցրել Իրաքի ֆինանսների նախարար Ռաֆի Ալ-Իսավիի ճանապարհին: Նախարարը չի տուժել,- փոխանցում է Associated Press-ը:
Նախնական տվյալներով՝ ռումբը պայթեցրել են նախարարի ավտոշարասյան վերջին մեքենայի կողքին: Ավտոշարասյունն ուղևորվում էր Անբար նահանգ՝ ցեղերի առաջնորդների հետ հանդիպմանը: Այդ նահանգում անցած տարվա դեկտեմբերից տեղի են ունենում հակակառավարական ելույթներ: Ահաբեկչության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ինչպես նշում է գործակալությունը, սուննի Ալ-Իսավիի վրա իրականացված մահափորձը կարող է բողոքի ցույցերի նոր ալիք առաջացնել: Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցեր սկսվել էին ահաբեկչության կասկածանքով ֆինանսների նախարարի թիկնապահների ձերբակալությունից հետո:
Թեև բոլոր ձերբակալվածները շուտով ազատ էին արձակվել, սակայն սուննիներով բնակեցված Անբար նահանգում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, որի մասնակիցները մեղադրել են շիա իշխանություներին սուննիներին իրենց թիրախ դարձնելու մեջ: Ցուցարարները բազմիցս շրջափակել են ռազմավարական նշանակություն ունեցող ավտոմայրուղին, որը Բաղդադը կապում է Հորդանանի և Սիրիայի հետ:








































