«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չբացառեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում կգործի մեկ ընդհանուր վճարային միավոր: Եվ չի բացառվում, որ այն կարող է լինել ռուսական ռուբլին: Հատկապես որ Ռուսաստանում արդեն ԵՏՄ տարածքում հաշվարկներում եվրոյից և դոլարից հրաժարվելու գաղափարի մասին հայտարարություններ են արվում:
ՌԴ Ազգային վճարային խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ, ՌԴ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևն էլ հայտարարել է, որ նախատեսվում է ԵՏՄ անդամ երկրների տարածքում ընդհանուր վճարային ենթակառուցվածքի ստեղծում, որը հնարավորություն կտա վճարումներ կատարել՝ հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի, այդ թվում՝ ստեղծվող ռուսական ազգային համակարգի և ներկայումս գործող «Բելկարտ» (Բելառուս) և Armenian Card (ArCa) վճարային քարտերի համատեղելիությունը:
«Կարծում եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը, ես էլ չեմ բացառում, որ ինչ-որ փուլում այդպիսի բան կլինի: Օրինակ՝ եթե հիմա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում փոխհաշվարկը դոլարային է լինում, մենք էլ, նրանք էլ տուժում ենք: Բայց եթե փոխհաշվարկը ռուբլով է լինի, մենք կշահենք»,- ասում է Մ. Մելքումյանը:
Պատգամավորը նաև կարծում է, որ ռուսական ռուբլու արժեզրկումը դեռ կշարունակվի, և դա մեծ չափով պայմանավորված է նավթի գնի անկումով: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում դոլարի արժևորմանը կամ դրամի արժեզրկմանը, Մ. Մելքումյանը կարծում է, որ դա կախված է այն հանգամանքից, թե Հայաստանում ինչքան դոլար կա, և դոլարները գնում են Հայաստանից, թե ետ են գալիս:
«Եթե մենք չունենանք արտահանման ծավալների աճ, արժեզրկումն անպայման շարունակվելու է: Եթե մենք ունենանք արտահանման աճ, որոշակի կայունացում կգնա, և եթե շարունակեն կրճատվել տրանսֆերտները, նորից արժեզրկումը կգնա: Իսկ Հայաստանում տրանսֆերտներն ավելի շատ են, քան արտահանումը»,- ասում է պատգամավորը:







































