Հինգշաբթի օրը Լոս Անջելեսում տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնն արձանագրեց 12 մլն 399 հզ 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն, ինչը հեռուստամարաթոնի երբևէ արձանագրած ամենացածր ցուցանիշն է: Նախորդ տարի՝ 2013-ին, հանգանակվեց շուրջ 22.5 մլն դոլար: Այս տարի այն ուղղվելու է շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը:
Այս տարի, սակայն, հեռուստամարաթոնը ուղեկցվեց ամերիկահայերի բողոքի ակցիաներով՝ «Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, ոչ թե նվիրատվություն» կարգախոսներով: Նրանք նշել են, որ հիմնադրամը կոռումպացված մարմին է և օգնում է ՀՀ ղեկավարներին՝ պահպանելու իրենց իշխանությունը:
Ինչն է ի վերջո պատճառը, որ տարեցտարի նվազում է նվիրատուների թիվը: Գուցե պետք է փոխվի՞ ռազմավարությունը, և Հայաստանին ոչ թե գումար, այլ մի՞տք է պետք, որակյալ մասնագետներ:
Տնտեսագետ, «Arrow Global» ֆինանսական ընկերության գործադիր տնօրեն Սամսոն Ավետյանը, որն ուսանել է Հարվարդի համալսարանում և երկար տարիներ ապրել Շվեդիայում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև դժվար է ասել, թե ինչու հինգ տարի առաջ ավելի շատ գումաներ էին հատկացնում, իսկ հիմա՝ ոչ, այնուամենայնիվ, մի հանգամանքն այն կարող է լինել, որ աշխարհում տնտեսական վիճակն ավելի թույլ է, քան 2007-2008-ին: Նրա կարծիքով՝ Հայաստանին ոչ թե պետք է գումար, որոնք ուղարկվում են այստեղ մարդասիրական օգնության տեսքով, այլ բիզնեսում ներդրումներ են հարկավոր, քանի որ այդ ներդրումներից եկամուտ է լինելու և շարունակական աշխատատեղեր են ստեղծվելու Հայաստանում:
Ինչո՞ւ այդ ներդրումները Սփյուռքից չեն գալիս, այլ գալիս են նվիրատվության տեսքով: Ըստ նրա՝ նվիրատվությունը մի փոքր ավելի հեշտ է, քանի որ դու գումար ես տալիս և դրանից ոչ մի բան չես պահանջում, իսկ գործարարը երբ ներդրում է անում և կապիտալն է ռիսկի տակ դնում, այդ դեպքում նա մի քիչ ավելի հեռատես պետք է լինի: Շատ ավելի ցավալի է, որ այդ գումարները չեն ներդրվում:
Դիտարկմանը, թե Հովիկ Աբրահամյանը երբ վարչապետ նշանակվեց, սփյուռքահայ գործարարներին կոչ արեց գալ, ներդրումներ անել, բայց արձագանքներ չեղան, Սամսոն Ավետյանը պատասխանեց, որ կարող է որոշ ներդրումներ արվում են, բայց կարող էին լինել շատ ավելի մեծ ներդրումներ, որովհետև մենք այդ ներուժն ունենք: Դրա համար այստեղ համապատասխան միջավայր պետք է ստեղծվի և աջակցություն, իսկ ամենակարևրը, տնտեսագետի խոսքով, օրենքը գործի բոլորի համար հավասարապես, ինչը այս պահին այդպես չէ:
Ինչո՞ւ է ՌԴ-ի հայկական սփյուռքը նախկինի համեմատ պասիվ կեցված որդեգրել աջակցության առումով, հնարավո՞ր է՝ դա պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամով: Ի պատասխան հարցադրման՝ մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին անորոշությունը մեծ է, և քանի որ գումարների մեծ մասը գործարարներից են գալիս, այդ անվստահությունը չի օգնում ավելի մեծ նվիրատվություն կամ ներդրում անել:
Առաջին ամենակարևոր խնդիրը, ըստ նրա, այն է, որ օրենքը պետք է բոլորի համար հավասար գործի: «Ցավոք սրտի, Հայաստանի իմիջը դեռևս այն մակարդակի չէ, որ այդ ներդրումները մեծանան: Երկրորդն այն է, որ շուկան փոքր է. երբ դու ունես փոքր շուկա, ներդրողների համար այնքան էլ հետաքրքիր չէ, եթե դու չստեղծես արտահանմանը նպաստող միջավայր: Եթե գործարարն ուզում է գումար աշխատել, Հայաստանում ներդրում անելը նրա համար այնքան էլ եկամտաբեր չի լինի, քանի որ շուկան փոքր է, և մարդկանց կարողությունները ցածր են, բայց եթե դու Հայաստանում միջավայր ստեղծես արտահանման համար, այդ դեպքում շատ ավելի մեծ պոտենցիալ կլինի ներդրումների համար», -հավելեց նա:
Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունն արտահանման համար նպաստավոր պայման կարո՞ղ է ստեղծել: Սամսոն Ավետյանն այս կապակցությամբ նկատեց, որ, տեսականորեն, այդ պոտենցիալը կա, սակայն իրականում հարցն այն է, որ այդ շուկան փակ չէ մեզ համար: Հնարավոր է՝ մաքսային որոշ տոկոսադրույքներ իջեցվեն, բայց այդ շուկաները բաց էին մեզ համար նախկինում էլ, և այդ պոտենցիալը չէր օգտագործվում:
«Հունվարից հետո կարո՞ղ են արտահանողների համար նպաստավոր պայմաններ ստեղծել՝ չգիտեմ: Այդ շուկաները գործում էին նաև նախկինում, բայց այդ ներուժը նախկինում էլ անբավարար ձևով էր օգտագործվում»,- հավելեց նա:
«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի կարծիքով՝ կարևոր է կառուցել ռազմական նշանակություն ունեցող՝ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, բայց, միաժամանակ, այսօր ունենք շատ ավելի արդիական խնդիրներ, և եթե նախկինում համահայկական հիմնադրամը գումարներ էր հավաքում, հիմա կան խոշոր ձեռնարկություններ, որոնք կարող են այդ գումարի չափով տրամադրել: «Օրինակ՝ ճանապարհների կառուցման հարցով մի քանի խոշոր գործարաններ կան, որ հետաքրքրված են, որ այդ գործարանը կառուցվի: Ճիշտ կլիներ նրանց վրա դրվեր ճանապարհ կառուցելու խնդիրը, իսկ մենք, օրինակ, ունենք սիրիահայերի խնդիր, բնակարանային հարցեր լուծելու և աշխատանքի տեղավորման խնդիր: Համոզված եմ, որ եթե համահայկական հիմնադրամը ավելի ճկուն լիներ և շեշտադրեր զարգացման ծրագրերն ու այն ծրագրերը, որտեղ ենթակառուցվածքները չեն բարելավում, ապա ճիշտ կլիներ, ասենք, սիրիահայերի բնակեցման հարցը Հայաստանում լուծել: Եթե այս ուղղվածությամբ լիներ թեման, համոզված եմ, որ շատ ավելի շատ գումար կհավաքվեր»,- հավելեց Վարդան Մարաշլյանը:
«Պատկերացրեք՝ երկու երեք տարի է, որ այդ խնդիրը դարձել է համահայկական խնդիր, լուրջ ճգնաժամ է ամբողջ ազգի համար, և, փաստորեն, անցած տարվա գումարից շատ փոքր հատված տրվեց այս խնդրին: Այս տարի այդ թեմայի մասին որևէ լուր չկա: Սա շատ սխալ է, չնայած որ որոշ կազմակերպություններ մի քանի անգամ առաջարկել են այս տարվա հիմնադրամի գործունեությունը նվիրել այս թեմային: Մնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաջորդ տարի ավելի ճկուն լինի և ընտրի այն թեման, որն իրոք կարևոր է Սփյուռքի համար, և իրոք փոխի ուղղվածությունը բարեգործությունից դեպի զարգացման, ինտեգրման կամ ճանաչողական ծրագրերի իրականացում»,- հավելեց Վ. Մարաշլյանը:
Նրա խոսքով՝ ցեղասպանության 100-ամյակի շեմին մենք ունենք մի զգալի համայնք, որը գտնվում է շատ բարդ վիճակում, և բոլորին օգնելը գուցե դժվար է, բայց պետք է օգնել նրանց, ովքեր հիմա Հայաստանում են: Մարաշլյանը նշեց, որ սիրիահայերը Հայաստանում երկու խնդիր ունեն՝ եկամտի և մնալու տեղի: Այսինքն՝ կարելի էր սկսել, ենթադրենք, հիփոթեքային սուբսիդավորված ծրագիր, որով նրանք նույնպես կվճարեն գումարներ, բայց կկարողանային բնակարաններ ձեռք բերել, կկապվեին Հայաստանի հետ, իսկ շատերն այսօր վարձի գումար են տալիս և փորձում աշխատանք գտնել, ինչը բավականին բարդ խնդիր է նրանց համար:
Ինչու Ռուսաստանի հայկական սփյուռքն այս անգամ շռայլ չեղավ: Մարաշլյանը նշեց, որ ինքը Ռուաստանից է եկել, երկար տարիներ ապրել է այնտեղ, ի տարբերություն ԱՄՆ-ի և եվրոպական երկրների, որտեղ հեռուստամարթոնները դառնում են մասսայական շարժում, և բազմաթիվ մարդիկ են մասնակցում ավելի փոքր գումարներով, որտեղ կա այդ մշակույթը, Ռուսաստանում այդ մշակույթը չկա, և այդ պատճառով Ռուսաստանից հիմնականում մի քանի մարդ են նվիրատվություն անում: Իհարկե, հիմա Ռուսաստանում վիճակը շատ ավելի վատ է, անորոշություն կա տնտեսական առումով, ինչն էլ, Վարդան Մարաշլյանի համոզմամբ, որոշ չափով ազդել է մարդկանց մասնակցության վրա:










































