Շաբաթ երեկոյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման բանտարկված անդամների իրավունքների պաշտպանությանը նվիրված ցույց է անցկացվել Բիլբաոյում՝ Բասկերի երկրի մայրաքաղաքում: Ցույցին և հանրահավաքին, կազմակերպիչների խոսքով, մասնակցել է ավելի քան 110 հազար մարդ: Հասարակ բասկերի հետ քաղաքի փողոցներ են դուրս եկել նաև ազգայնական «Բիլդու» կոալիցիայի անդամները: 2012թ. հոկտեմբերին Բասկերի երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կոալիցիան դարձել է երկրորդ քաղաքական ուժը տարածաշրջանում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ցույցերի մասնակիցները Իսպանիայի և Ֆրանսիայի կառավարություններին կոչ են արել խմբավորման բանտարկված անդամներին տեղափոխել Բասկերի երկրի տարածքում գտնվող բանտեր:
Նրանց կարծիքով՝ դա պետք է արվի ոչ այնքան հանուն բանտարկյալների, որքան նրանց հարազատների, որոնք ստիպված են լինում նրանց հանդիպելու համար հասնել երկրի մյուս ծայրը կամ ուղևորվել հարևան պետություն:
Հանրահավաքի ժամանակ կոչ է արվել նաև համաներում հայտարարել կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակել նրանց, ովքեր կրել են պատժաժամկետի 2/3-ը: Այդ միջոցառումները, նրանց կարծիքով, թույլ կտան տարածաշրջանում արագացնել խաղաղության գործընթացը:









































