Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիան Իրանից Սիրիա ուղևորվող իրանական օդանավում առգրավված զենքի կապակցությամբ հաշվետվություն է ներկայացրել ՄԱԿ ԱԽ-ին:
Հատուկ ՄԱԿ ԱԽ-ի համար պատրաստված թուրքական զեկույցում նշված է, որ մարտի 21-ին Դիարբեքիրի օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարած YasAir Cargo Airlines ավիաընկերությանը պատկանող Իլ-76 օդանավում հայտնաբերվել է ՄԱԿ-ի պատժամիջոցներով սահմանված ռազմական նշանակության արգելված բեռ. АК-47 «Կալաշնիկով» տիպի 60 ինքնաձիգ, BKC/Bixi տիպի 14 գնդացիր, ինքնաձիգի ու գնդացրի 8000 փամփուշտ, 60 միլիմետր տրամաչափի 560 ականանետային արկ և 120 միլիմետր տրամաչափի 1288 ականանետային արկ:
Նշվում է, որ առգրավված այդ զենքն ու զինամթերքն այժմ պահվում է Դիարբեքիրի զինապահեստում: Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյո՞ք հենց Սիրիան է հանդիսանում այդ զենքի ու զինամթերքի վերջնական նշանակման վայրը: Այդ կապակցությամբ որևէ կողմնորոշիչ հանգամանք չկա:
Թուրքական կողմը զեկույցում նշել է, որ Դիարբեքիրի դատարանում հարցաքննել են իրանական օդանավի ձերբակալված անձնակազմի անդամներին, սակայն նրանք հայտարարել են, որ իրենք տեղյակ չեն եղել օդանավում արգելված բեռի մասին, ինչպես նաև չգիտեն, թե ով է այդ բեռի առաքողն ու ստացողը:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին Դիարբեքիրում իջեցված իրանական երկու օդանավերի պատմությունն աննախադեպ իրադարձություն չէր:
Մասնավորապես, նմանատիպ դեպքեր գրանցվել են 2006 թվականին, երբ Լիբանանը պատերազմում էր Իսրայելի դեմ, և Իրանն օդանավերով զենք էր մատակարարում այնտեղ իշխող «Հիզբոլլահ» կազմակերպությանը:
2006 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում Դիարբեքիրի օդանավակայանում իջեցվել են իրանական 5 բեռնատար և 1 քաղաքացիական օդանավեր:











































