Մալիում Կոնա բնակավայրի համար զինված ուժերի և իսլամիստ գրոհայինների միջև մղվող մարտերում զոհվել են 11 զինծառայողներ, ևս 60-ը վիրավորվել է: Այս մասին կիրակի երեկոյան հաղորդել է France Press գործակալությունը՝ հղում կատարելով Մալիի նախագահ Դիոնկունդե Տրաորեին:
Մալիի բանակը, աջակցություն ստանալով արտասահմանյան զորամիավորումներից, ուրբաթ օրը ապստամբներից խլել է Կոնա բնակավայրը, որը գտնվում է իսլամիստների կողմից ղեկավարվող` Մալիի հյուսիս-արևելքի և իշխանությունների վերահսկողության տակ գտնվող հարավի միջև:
Շաբաթ Մալիի զինվորականները հայտարարել էին ֆրանսիական զինուժի աջակցությամբ ավելի քան 100 գրոհայինների ոչնչացնելու մասին: Հաղորդվում էր, որ զոհվել է Ֆրանսիայի ռազմական ավիացիայի մեկ օդաչու:








































