Կառավարության շենքի կամ նախագահական նստավայրի մոտ արդեն մի քանի տարի է՝ ամեն հինգշաբթի հավաքվում են խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, ովքեր հետևողական պայքարում են իրենց որդիների սպանությունների բացահայտման համար: Որքան էլ զարմանալի է, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների թիվը չի պակասում, սակայն պայքարող մայրերի թիվը չի ավելանում: Այս հանգամանքը համառորեն պայքարող մայրերը բացատրում են նրանով, որ շատերը բանակ ուղարկելու տղաներ ունեն, շատերը չեն հավատում, որ պայքարն արդյունք կտա և այլն:
Ամենահամառ պայքարողներից է Գոհար Օհանջանյանը, ում որդին՝ ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը, մահացել է 2007 թ.՝ Կարճաղբյուրում (քննության պաշտոնական վարկածով՝ Տիգրան Օհանջանյանը հպվել է ալեհավաքին և հոսանքահարվել): 2012-ին դրական փոփոխություն` գործերի բացահայտման առումով, անհատական գործերում Գոհար Օհանջանյանը թեև տեսնում է, բայց ընդհանուր գործերից կան այնպիսիները, որոնք անուշադրության են մատնվել, քրեական գործը կեղծ ուղղությամբ է ընթանում, բայց արդյոք կպատժվե՞ն մեղավոր դատախազները, քննիչները. այս առումով զոհված զինվորի մայրը փոփոխություն դեռ չի տեսնում:
Նա նշեց, որ Տիգրան Օհանջանյանի գործը ինչ-որ կերպ նման է Մատաղիսի գործին: 2010-ին արդարացվեցին մեղադրյալները, որից հետո գործը հետաքննության է ուղարկվել, բայց ամբողջ 2 տարի լրացավ, նույն տեղում դոփում են: «Առաջընթացը միայն այն է, որ մեր պայքարի արդյունքում կարողացանք դատախազությանը և դատաիրավական համակարգին ապացուցել, որ իմ տղան ոչ թե դժբախտ պատահարի զոհ է եղել, այլ սպանվել է: Սպանող անձը դեռ անհայտ է, նրանք նույն դեպքի վայրն ընդունում են, բայց չեն ուզում փոխել հոդվածը, չեն ուզում աշխատել, որ տեսնեն՝ ով է սպանել իմ երեխուն»,- ասաց Գոհար Օհանջանյանը՝ հավելելով, որ իրենք ունեն անհերքելի ապացույցներ՝ նկարված դիահերձարանում, որոնք ուղարկել են փորձաքննության, և հիմա իրենց ձեռքում են դրա արդյունքները: Նա նաև հավելեց, որ 2013-ին թե՛ կառավարության շենքի մոտ, թե՛ նախագահականի մոտ շարունակելու են պայքարը, և մեկառմեկ, հետևողականորեն բոլոր գործերի ապացույցն են պահանջելու:
«Տասնինը տարի պահեմ, մեծացնեմ, Ռուսաստանից բերեմ, որ բանակ ուղարկեմ, երեխուս դին ինձ տան, և ես մահվան պատճառը չիմանա՞մ»,- ասաց Գոհար Օհանջանյանը: Ըստ նրա՝ այսօր դատախազությունը գործը կարուսելի նման պտտեցնում է, քննիչներ է փոխում և այլն: Նրա խոսքերով՝ նաև շատ կարևոր է հանրային ճնշումը, ինչպես օրինակ՝ Մատաղիսի գործի դեպքում էր:
Նա ցավով նկատում է, որ իրենց նման պայքարողների «բանակը» նոսր է: Ինքն էլ բազմիս զրուցել է մայրերի հետ, որոնց զինվորները մահացել են 2011-2012-ին, բայց որոնք անհույս են՝ ասում են՝ ի՞նչը կփոխվի, իսկ մյուս կողմից էլ դատախազը, քննիչը կանչում են, ահաբեկում, ասում են՝ դուք էլի երեխաներ ունեք, նրանց մասին մտածեք: Նրա դիտարկմամբ՝ ինչքան շատ լինեն պայքարող ծնողներ, այնքան արդյունքներն ավելի շոշափելի կլինեն, պետք է շատ լինեին համարձակ ծնողներ, որոնք իրենց երեխայի սպանության պատճառն իմանալու համարձակություն կունենան: «Ես մինչև մահ պետք է պայքարեմ, որ հանգիստ իմ երեխու մոտ հանգրվանեմ»,- ասաց Գոհար Օհանջանյանը:
Նա կոչ է անում խաղաղ պայմաններում զոհված ծնոողներին, մայրերին դուրս գալ, պայքարել և գոնե ապրած տարիների կյանքը պատվով պահել:
2010 թ. մարտին զոհված ժամկետային զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը (հիշեցնենք՝ Վալերի Մուրադյանը Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն է գործել), ով դարձյալ համառ պայքարողներից է, դրական որևէ փոփոխություն 2012-ին չի նկատել: Նախագահական ընտրությունների քարոզարշավին հիշեցնում է, որ իր պայքարը մտնում է ավելի համառ փուլ, Սերժ Սարգսյանի հետ պետք է ամեն տեղ ման գա. «Ասելու եմ, որ դու նախագահ չես, ես ասել եմ և նորից պնդում եմ՝ զինվորական սպանությունների ամբողջ մեղքը մեր երկրի նախագահի տակն է, եթե նա ցանկություն ունենար, այս գործերն անպայման կբացահայտվեին, բայց ինքը ստորաբար կոծկում է այս գործերը: Ես չեմ ասում` ինքն է հրաման տալիս, բայց սպանողներին, որ ինքը հովանավորոմ է, դա հաստատ է, որովհետև իր զինակից ընկերներն են՝ ինչպե՞ս դատի»:
«Կոնկրետ մեր գործով ոչինչ չի փոխվել, ավելի վատ է եղել, քննիչներ են փոխվել, ես բողոքում եմ՝ բա ծնողը տեղյակ չլինի՞, որ քննիչը փոխվել է, հետո երկու շաբաթ անց իմանում եմ՝ նորից է քննիչը փոխվել: Մինչև քննիչը ծանոթանում է գործին, փոխում են. երեք տարվա մեջ չորս քննիչ է փոխվել»,- ասաց նա:
2013-ին անելիքները շատ են, այլևս կորցնելու բան ինքը չունի, իսկ որդու շիրիմին ասում է. «Վալեր ջան, մինչև ես վրեժդ չլուծեմ, մինչև մեղավորները չպատժվեն, ես չեմ հանգստանալու, ես ուժ եմ գտել իմ մեջ, որ չեմ մահացել այն ժամանակ, հիմա իմ ամբողջ ուժերը հավաքել եմ, որ պայքարեմ սրանց դեմ, մանավանդ հիմա, որ ես տեսել եմ իմ երեխայի վրայի հետքերը։ Չէին հավատում, հիմա ձեռքիս տակ կան նկարները՝ քսան նկար..»,- ասաց Նանա Մուրադյանը: Վերջինս իր դժգոհությունը հայտնեց փաստաբան Սեդա Սաֆարյանից, որը կարողացել է զոհված զինվորի գումարը ուտել, բայց խաբել է. գումարը վերցրել, բայց ոչինչ չի արել:
Այսպիսով, թեև նախագահական ընտրություններին թեժ ընտրապայքար չի ակնկալվում, բայց զոհված զինվորների մայրերը թեժ են պայքարելու:








































