Այսօր` հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ի հատվածում Թալին-Մաստարա գյուղի ճանապարհին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Բաբկեն Ղաբանյանի վարած «Օպել» մակնիշի 34 ՍՏ 563 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Աղաս Մանուկյանի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 05 ՍՏ 488 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Արսեն Մատինյանը և Հարություն Խաչատրյանը:
Տեղում են եղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի Թալինի հրշեջ փրկարարական խումբը` 1 մարտական հաշվարկով:
Ժամանել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը: Վթարի պատճառ է նաև այն, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով: shamshyan.com-ը հայտնում է, որ այս պահին ոստիկանությունը պարզել է հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ի ինքնությունը:
Նրանք են «ԳԱԶ 3110»-ի ուղևորներ Աղվան և Ալիսա Մանուկյանները: Ոստիկանությունը պարզում է «Օպելի» մեջ եղած և հիվանդանոց տեղափոխված 3 վիրավոր անձանց ինքնությունը:











































