Գրիպի համաճարակը ընդգրկել է ԱՄՆ գրեթե ամբողջ տարածքը, հաղորդել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնից, փոխանցում է ITAR-TASS-ը:
Ներկայումս հիվանդության դեպքեր են հայտնաբերվել 47 նահանգներում, դրանցից 29-ում իրավիճակը գնահատվում է ծայրահեղ: Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի քաղաքապետ Թոմաս Մենինոն արդեն «արտակարգ իրավիճակ է հայտարարել առողջապահության ոլորտում»: Հիվանդության դեպքեր չեն գրանցվել միայն Կալիֆոռնիայում, Միսիսիպիում և Հավայիում:
Փորձագետների խոսքով՝ այս տարի գրիպը խոստանում է խիստ լինել ԱՄՆ-ում: Հիվանդանոցները հայտնում են հիվանդների չափազանց մեծ հոսքի մասին, մարդիկ ժամերով հերթ են կանգնում: Նրանցից շատերին ուղարկում են տանը բուժվելու, որովհետև հիվանդասենյակները լիքն են:
Ամեն տարի ԱՄՆ-ում աշնան-ձմռան սեզոնին գրիպով հիվանդանում է երկրի բնակչության 5-20 տոկոսը, մոտ 24 000 մարդ զոհ է գնում այս հիվանդությանը:










































