Հունվարի 7-9-ն անցկացվել է սոցիոլոգիական հարցում, որին մասնակցել է հազար մարդ: Վիճակագրական սխալները կարող են կազմել 1,4-3,1 %:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մնում է ամենահայտնի քաղաքական գործիչը, նրա աշխատանքից գոհ է գերմանացիների 65 %-ը, ինչը մեկ ամիս առաջ կատարված հարցման արդյունքը գերազանցում է 5 %-ով: Կանցլերի պաշտոնում Մերկելի գլխավոր մրցակիցը ֆինանսների նախկին նախարար Պիեռ Շտայնբրյուկն է, ով կորցնում է ընտրողների աջակցությունը: Նրա աշխատանքին հավանություն է տալիս Գերմանիայի բնակչության 36 %-ը՝ չնայած այն բանին, որ մի քանի ամիս առաջ այդ ցուցանիշը 59 % էր:
Գերմանիայի խորհրդարանի ընտրությունները կկայանան 2013 թ. սեպտեմբերին: Դրանց արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն և կորոշվի նոր կանցլերը: Վերջին 7 տարիներին Գերմանիայի նախարարների կաբինետը գլխավորում է Անգելա Մերկելը:
Ամենահայտնի քաղաքական գործիչների եռյակում են նաև պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզերը, ում գործունեությունը հավանության է արժանանում գերմանացիների 63 %-ի կողմից և ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն՝ 59 % արդյունքով:
Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, որի կողմից էլ առաջադրվել է Մերկելը, հարցման արդյունքների համաձայն, իր մրցակիցներից առաջ է: Եթե Բունդեսթագի ընտրությունները կայանային այս կիրակի, ապա նրա օգտին կքվեարկեր գերմանացիների 41 %-ը: Նրանց հիմնական մրցակիցը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որը ներկայացնում է Շտայնբրյուկին: Կուսակցության օգտին կքվեարկեր գերմանացիների 28 %-ը:
Եթե կանցլերն ընտրվեր ուղիղ քվեարկության արդյունքներով, ապա Մերկելը կարող էր առաջին փուլում հաղթանակ ակնկալել: Նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 55 %-ը. սա 2012 թ. դեկտեմբերի ցուցանիշից 6%-ով ավելի է:
Շտայնբրյուկը կարող է ապավինել ընտրողների ձայների 30 %-ին, որը 9 %-ով նվազել է անցյալ ամսվա ցուցանիշի նկատմամբ:









































