Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:
Ողջունելով Oլեքսանդր Պավլյուկին` նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարարը կարևորել է ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան – Եվրախորհուրդ գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար:
Կողմերն անդրադարձել են Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների մասնակցությանը։











































