Պաշտոնական Վատիկանը երեկ մտահոգություն է հայտնել Լիբիայում խաղաղ բնակչության շրջանում ռմբակոծությունների հետևանքով աճող զոհերի փաստի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Լիբիայում Վատիկանի ներկայացուցիչը հաղորդել է 40 զոհի մասին` նշելով, որ տվյալները ստացվել են տարբեր վստահելի և «հարգելի աղբյուրներից»: Մասնավորապես նշվում է, որ օդային ռմբակոծության ժամանակ հրթիռներից մեկը ավերել է մի շինություն, որտեղ եղել են խաղաղ բնակիչներ:
Մինչև հիմա կոալիցիոն ուժերը հերքել են ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի փաստը: Մինչդեռ Քադաֆիի իշխանությունը նշում է արդեն հարյուրավոր զոհերի մասին:
Այսօր հայտնի է դարձել, որ Նիդերլանդները միացել է հակաքադաֆիական կոալիցիային` դառնալով 15-րդ երկիրը, որ մասնակցում է Լիբիայի ռեժիմի դեմ ռազմական գործողություններին: Նիդերլանդների թագավորությունը Լիբիա է ուղարկել ռազմական նավ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:








































