Ատլանտայի (Ջորջիա նահանգ) եկեղեցու քահանա Լուի Ջիլյոն, որը պետք է օրհներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հունվարի 21-ի երդմնակալության արարողությունից հետո, հրաժարվել է մասնակցել արարողությանն այն պատճառով, որ հրապարակվել են իր՝ վիճահարույց արտահայտություններով քարոզները միասեռականության վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է CNN-ը, մերժման պատճառը Think Progress կայքի կողմից իր քարոզի մասնակի հրապարակումն է, որտեղ Ջիլյոն քրիստոնյաներին կոչ է անում կտրուկ արձագանքել «իրենց առաջ ծառացած ժամանակակից մարտահրավերներին» ու նախազգուշացնում է, որ միասեռ ամուսնությունները խախտում են հասարակության բոլոր հիմքերը:
«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել հունվարի 21-ին նախատեսված` նախագահի երդմնակալության արարողությանը: Սակայն իմ հայտարարությունը, որն արվել է 15-20 տարի առաջ, զրոյի է հավասարեցնում բոլոր նրանց ջանքերը, որոնք կազմակերպում են երդմնակալությունը»,- հեռուստաընկերությունը մեջբերում է քահանայի խոսքերը:
Ընդ որում՝ CNN-ը, հղում կատարելով երդմնակալության արարողության կոմիտեին, հայտնում է, որ ընտրվել է հատկապես այդ քահանան, քանի որ նա մեծ ծառայություններ է մատուցել մարդկանց առևտրի ու սեքսուալ ստրկության դեմ պայքարում:










































