Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Լոնդոնում հանդիպում է ունեցել իր բրիտանական գործընկեր Դևիդ Քեմերոնի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսում Էրդողանն անդրադարձել է լիբիական ու սիրիական խնդիրներին.
«Մենք ցանկանում ենք, որ լիբիական հարցում ՆԱՏՕ-ն շատ հաջող թեստ հանձնի: Լիբիան չպետք է վերածվի Աֆղանստանի: Թուրքիան և Մեծ Բրիտանիան կարող են կարևոր դեր խաղալ Լիբիայի ապագայի հարցում և դադարեցնել այնտեղ արյունահեղությունը:
Ինչ վերաբերում է սիրիական խնդրին, ապա ես սրանից երկու ամիս առաջ նախագահ Ասադին հիշեցրել եմ, որ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել երկրում, և չպետք է անտեսել ժողովրդի պահանջները»:
Հիշեցնենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին օրեր առաջ սուր քննադատության է ենթարկել վարչապետ Էրդողանին ու նրա գլխավորած կառավարությանը Լիբիայի հարցում երկերեսանի խաղ խաղալու համար.
«Ես տեսնում եմ, որ մեր կառավարությունը Լիբիայի հարցում շարունակ «ալեկոծության» մեջ է, քանի որ չունի որևէ պատրաստի գաղափար ու ռազմավարություն: Դժբախտաբար, մենք շարունակ ականատես ենք լինում իշխող կուսակցության` միմյանց հակասող հայտարարություններին, որոնք մեծ վնաս են հասցնում Թուրքիայի միջազգային վարկին»:









































