Իրանի հետ «Վեցյակի» բանակցությունների հերթական փուլը` դիվանագիտական գերատեսչությունների քաղտնօրենների մակարդակով, տեղի կունենա Ստամբուլում` հունվարի վերջին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Ըստ աղբյուրի` հանդիպման անցկացման հստակ օրը որոշված չէ: Ավելի վաղ Washington Post-ը` հղում կատարելով ԱՄՆ-ում ու Եվրամիությունում իր աղբյուրին, հաղորդել էր, որ «Վեցյակի» բանակցությունների նոր փուլը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) Թեհրանի հետ կարող է տեղի ունենալ հունվարին:
2012թ. «Վեցյակի» ներկայացուցիչներն ու Թեհրանը անցկացրին բանակցությունների 3 փուլ՝ Ստամբուլում (ապրիլի 14-ին), Բաղդադում (մայիսի 23-24-ը) և Մոսկվայում (հունիսի 18-19-ին): Դրանք բոլորն էլ անցկացվել էին առանց ինչ-որ բեկումնային որոշումների:
Մինչ այդ` մեկ տարի շարունակ, «Վեցյակի» և Իրանի միջև բանակցություններ չէին անցկացվում:









































