«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն կատալոնացիների պաշտպան Խերարդ Պիկեին կոչ է արել մտածել իր վարքի մասին` մի շարք ոչ մարզական դրսևորումների պատճառով:
27-ամյա ֆուտբոլիստը վերջերս տուգանվել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կողմից` խաղի ժամանակ բջջային հեռախոս օգտագործելու պատճառով: Պիկեն վիճաբանել է ոստիկանների հետ` ավտոմեքենան սխալ տեղում կայանելու համար: Վերջին ժամանակաշրջանում ֆուտբոլիստը չի ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, ինչի պատճառով սկսել են լուրեր շրջանառվել, որ նա կարող է հեռանալ «Բարսելոնա»-ից: Ֆուտբոլիստը, սակայն, շտապել է հերքել այդ լուրերը:
«Պիկեն այնքան հաճախ չի ընդգրկվում թիմի կազմում, ինչպես նախկինում: Բայց դա չէ խնդիրը: Մենք նրա հետ քննարկել ենք վերջերս կատարվող իրադարձություններն ու ասել, որ նման դրսևորումներ այլևս չպետք է լինեն: Հուսով եմ` մեզ հաջողվեց վերջ դնել Պիկեի անհաջողություններին: Ես նրան կոչ եմ արել կենտրոնանալ ֆուտբոլի վրա»,- Goal-ը մեջբերում է Բարտոմեուի խոսքերը:







































