Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը վաղը կկատարի Ամանորից առաջ տված խոստումը: Նա բոլոր ընդդիմադիր թեկնածուներին առաջարկելու է միասնական հանել իրենց թեկնածությունները: Ըստ նրա. «Այն թեկնածուներին, ովքեր չեն միանա այդ առաջարկին, դիտարկելու եմ որպես Սերժ Սարգսյանի կողմնակիցներ»:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Ղուկասյանը թեկնածուներին իր հայտարարությանը արձագանքելու համար վերջնաժամկետ է սահմանելու հունվարի 15-ը: Այդ օրը , թեկնածուների գրանցման օրենքով սահմանված վերջնաժամկետն է:
«Մինչև հունվարի 15-ը թեկնածուները կարող են կողմնորոշվել՝ իրենք վերցնո՞ւմ են պատասխանատվություն մեր հանրության առջև այս ընտրությունների համար, թե՞ ոչ: Այսօր թեկնածուները հնարավորություն ունեն ընդունել հանրության համար կարևոր նշանակություն ունեցող որոշում՝ թողնելով Սերժ Սարգսյանին այս ընտրությունների միակ մասնակիցը, այսկերպ դաշտ են բացում, որ հանրությունը և քաղաքական ուժերը հանդես գան Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Եթե թեկնածուները, ինչ-ինչ պատճառներով, չընդունեն, ինձ համար կնշանակի՝ իրենք ծառայում են Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգին և իրենց վրա կվերցնեն պատասխանատվություն՝ հետագա բոլոր զարգացումների համար: Նրանք կլինեն հանրության համար պատասխանատու և ոչ թե Սերժ Սարգսյանը»:
Նա դեռ չի պատկերացնում՝ ինչպես են արձագանքելու նախագահի թեկնածուներն իր հայտարարությանը. «Վաղը կտեսնենք»:
Անդրիաս Ղուկասյանը չի շտապում դատողություններ անել՝ թեկնածուներից ով է իշխանության դրած արհեստական թեկնածու. «Չեմ ուզում այդ հարցի շուրջ որևէ կարծիք հայտնել, որովհետև վստահ եմ, որ վաղվա հայտարարության վերաբերյալ թեկնածուների դիրքորոշմամբ այս հարցին պարզաբանում կլինի»:











































