Վրաստանի հաղորդակցության հարցերով ազգային հանձնաժողովի որոշման համաձայն` GDS TV հեռուստաընկերությունը կսկսի եթեր դուրս գալ ոչ թե համընդհանուր հեռարձակման արտոնագրով, ինչպես նախկինում էր, այլ մասնագիտացված (ժամանցային) հեռարձակման արտոնագրով, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
GDS TV-ն պատկանում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդուն` Բերե Իվանիշվիլիին: 2012թ. հուլիսին հեռուստաընկերությունը 20 հազար լարիով հեռարձակման արտոնագիր էր ձեռք բերել 9-րդ ալիքի տեխնիկական տնօրենից և հեռարձակումը սկսել էր օգոստոսին:
Արտոնագրային պայմանները հեռուստաընկերությանը պարտավորեցնում էին հեռարձակել տեղեկատվական և այլ ձևաչափի առնվազն մեկ ծրագիր: Սակայն հեռուստաընկերության ղեկավարությունը ի սկզբանե հայտարարել է, որ այն կրելու է միայն ժամանցային բնույթ, իսկ արտոնագիրը չխախտելու համար, եթեր էին հեռարձակվում 9-րդ ալիքի տեղեկատվական հաղորդումները:









































