Հայաստանի առաջատար ըմբիշները, թեև մրցաշարերի մասնակցում են, սակայն մեծ հաշվով մրցաշրջան 2014-ը նրանց համար կարելի է ավարտված համարել: Այս առիթով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը զրուցեց ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գործադիր տնօրեն, ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի հետ:
-Պարո՛ն Սոֆոյան, Ձեր գնահատականը հայ ըմբիշների մասնակցությամբ մրցաշրջան 2014-ին:
-Նախ՝ մինչև այս տարվա մասին խոսելը, ուզում եմ նշել, որ 2009 թվականից, ինչ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան գլխավորեց Սամվել Կարապետյանը, տարեցտարի մեծ աճ է նկատվում: Մենք արդեն երկրորդ օլիմպիական ցիկլն ենք անցնում: Առաջինի կազմակերպված, համատեղ աշխատանքի շնորհիվ մեր ըմբիշները բազմաթիվ մեդալներ նվաճեցին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: 2012 թվականին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում նրանք նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Վերջին անգամ հայ մարզիկները արծաթե մեդալ նվաճել էին հեռավոր 1996 թվականին: Այս քառամյա փուլը ավելի ակտիվ ենք սկսել 2013-ին աշխարհի չեմպիոն դարձավ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը, իսկ այս տարի չեմպիոնական պատվանդանին բարձրացան հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Իսկ Եվրոպայի չեմպիոններն ու տարբեր առաջնությունների մրցանակակիրները բազմաթիվ են:
-Դուք նկատի ունեք նաև երիտասարդներին ու պատանիների՞ն:
-Այո: Այս տարի երկու ձևից ընդհանուր առմամբ նվաճել ենք տարբեր ձուլվածքի 29 մեդալ, որից 18-գրանցվել է հունահռոմեականների, 11-ը՝ ազատ ոճայինների հաշվին: Հունահռոմեականները 7 մեդալ նվաճել են աշխարհի առաջնություններում 11 մեդալ՝ Եվրոպայի առաջնություններում: Ազատ ոճայինները բոլոր մեդալները նվաճել են Եվրոպայի առաջնություններում:
-Այս տարի պատանի հայ ըմբիշները լավ հանդես եկան նաև Նանկինում կայացած պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում:
-Ինչ խոսք: Չինաստանում մենք ունեինք երեք ներկայացուցիչ, երեքն էլ հայրենիք վերադարձան մեդալներով:
-Եվ այս ամենը ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի կանոնակարգված աշխատանքի շնորհի՞վ է:
-Եվ՛ ֆեդերացիայի, և՛ մարզիչների ու մարզիկների շնորհիվ: Ֆեդերացիայում ամփոփել ենք մրցաշրջան 2014-ը և այն գնահատել ենք լավ: Ազատ ոճայինները այս տարի մի փոքր թերացան մեծահասակների աշխարհի առաջնությունում, սակայն փոխարենը հունահռոմեականները երկու ոսկե մեդալ նվաճեցին: Ի դեպ՝ Տաշքենդում ոչ մի երկրի չհաջողվեց երկու չեմպիոն ունենալ:
-Առջևում Լաս Վեգասում կայանալիք 2015 թվականի վարկանիշային առաջնությունն ու 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ օլիմպիական խաղերն են: Ի՞նչ անկկալիքներ ունենանք նախաօլիմպիական և օլիմպիական տարիներից:
-Մեզ համար միանշանակակ 2015-ին ամենակարևորը լինելու է Լաս Վեգասի աշխարհի առաջնությունը: Փորձելու ենք մեդալներից զատ, որքան հնարավոր է շատ օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել: Աշխարհի առաջնությունից հետո՝ 2016 թվականին, մեր ըմբիշները կմասնակցեն երեք օլիմպիական վարկանիշային մրցաշարերի: Այս ամենից հետո, կարծում եմ, առնվազը 6-7 օլիմպիական ուղեգիր կունենանք: Իսկ արդյունքների դինամիկան ցույց է տալիս, որ ժամանակն է օլիմպիական խաղերում պայքարենք նաև ոսկե մեդալի համար:
-Պարոն Սոֆոյան, հնարավո՞ր է մինչև օլիմպիական խաղեր արտերկրից համալրում ունենանք, հատկապես որ՝ որոշ քաշային կարգերում դրա կարիքը ունենք:
-Մենք ապավինում ենք մեր ըմբիշներին, սակայն եթե լավ տարբերակ լինի, չի բացառվում, որ նաև այդ միջոցին դիմենք:
-Եվ վերջին հարցը. ժամանակը չէ՞, որ Հայաստանն էլ մեծահասակների աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտ ներկայացնի:
-Մինչև 2016 թվականը դժվար կլինի, սակայն նոր օլիմպիական փուլում նախատեսում ենք Երևանում Եվրոպայի առաջնություն անցկացել:
Լուսանկարը՝ Aravot.am-ի











































