Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ մինչև այս պահը գրավ չմուծած նախագահի 7 թեկնածուներից և ոչ մեկը դեռևս չի վճարել ընտրություններին մասնակցելու համար Ընտրական օրենսգրքով սահմանված 8 մլն դրամ ընտրագրավը: Վերջինը հունվարի 8-ին վճարել է նախագահի թեկնածու` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին հրավիրված նիստի ժամանակ ԿԸՀ-ն այդ թեկնածուներին՝ Տարոն Աբրահամյանին, Ռոբերտ Ահարոնյանին, Ռուբեն Այվազյանին, Մհեր Հայրապետյանին, Նարինե Մկրտչյանին, Պավլիկ Սարգսյանին, Ռոբերտ Սիմոնյանին, 48 ժամ լրացուցիչ ժամանակ հատկացրեց ընտրագրավը մուծելու համար: Այդ ժամկետը լրանում է այսօր` ժամը 14:00-ին: Այսօր այդ թեկնածուներից սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանը և անկուսակցական, մարտարվեստների համաշխարհային վարպետ Տարոն Աբրահամյանը ինքնաբացարկ հայտարարեցին: Մյուսների թեկնածությունը ԿԸՀ-ն չի գրանցի:
Այս պահի դրությամբ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին կմասնակցեն 8 թեկնածուներ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը:









































