Ադրբեջանական Day.az կայքին տված հարցազրույցում Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, պատգամավոր Ահմեդ Այդընն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը.
«Վերջին շրջանում Թուրքիան մեծ հաջողություններ է արձանագրել արտաքին քաղաքականության ոլորտում: Այժմ Հայաստանում կոչեր են հնչեցվում մինչև ապրիլի 24-ը հրաժարվել Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրություններից:
Դա Հայաստանի խնդիրն է, դա նրան որևէ օգուտ չի բերի: Հայաստանը միայն կտուժի դրանից: Հայ-թուրքական գործընթացը տեղից կշարժվի միայն այն ժամանակ, երբ լուրջ առաջընթաց գրանցվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:
Ես հավատում եմ, որ օրերից մի օր Հայաստանը կազատի «ադրբեջանական տարածքները»: Դրան են «հանգեցնում» Ադրբեջանի գործողությունները և Թուրքիայի ուժեղացող արտաքին քաղաքականությունը:
Վերջին հաշվով, Հայաստանը կհասկանա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձեռնտու է հենց իրեն: Ես կարծում եմ, որ հենց Հայաստանը «գիտակցի» դա, ապա հակամարտությունը կկարգավորվի:
Ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու չէ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին: Եթե Հայաստանը ցանկանում է հաղորդակցվել ողջ աշխարհի հետ, ապա նա պետք է լուծի այդ խնդիրը: Կգա այն օրը, երբ հասկանալի կլինի, որ Հայաստանն այդ իրավիճակից դուրս գալու այլ ելք չի ունենա, քան այդ խնդրի լուծումը»:











































