ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստ է քննարկել հրազենային զենքի կիրառման խնդիրները ուղիղ հրամանագրերի միջոցով, ոչ թե սպասել Կոնգրեսի գործողություններին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը Օբամայի կարգադրությամբ վերջերս գլխավորել է բռնությանը հակազդելու միջգերատեսչական հանձնաժողովը:
«Նախագահը մտադիր է գործել: Կա ուղիղ կարգադրությունների, հրամանագրերի միջոց, և այն կարող է կիրառվել: Մենք դեռևս վերջնական որոշում չենք կայացրել, սակայն մշակում ենք այն»,- ասել է Բայդենը:
Փոխնախագահի խոսքերով ` Նյութաունում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ չարագործը գնդահարել էր 20 երեխայի, ցույց է տալիս, որ երկրում տիրող իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ:
Բայդենը չի մանրամասնել Օբամայի հավանական հրամանագրի բովանդակությունը, սակայն ավելի ուշ Կոնգրեսի ներկայացուցիչները լրագրողներին հաղորդել են, որ սկզբնական շրջանում խոսք կարող է գնալ հոգեկան հիվանդությունների հետազոտության ծրագրերի պետական ֆինանսավորման մեծացման մասին:









































