Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ, 2010 թվականին գերմանաբնակ թուրքերի թվաքանակը, 2009 թվականի համեմատ, նվազել է 1.7 տոկոսով:
Գերմանական վիճակագրական տվյալները վկայել են այն մասին, որ 2010 թվականի վերջին Գերմանիայում գտնվող թուրք քաղաքացիների քանակը կազմել է 1.63 միլիոն: Դա 28.600-ով ավելի քիչ է` համեմատած 2009 թվականի հետ:
Նշվում է, որ Գերմանիայում թուրք քաղաքացիների անկումն սկսվել է 1998 թվականից: Այդ ժամանակ նրանց քանակը կազմել էր 2.1 միլիոն մարդ:
Ընդհանուր առմամբ, Գերմանիայում են բնակվում աշխարհի 188 երկրների 6.75 միլիոն ներկայացուցիչներ: 2010 թվականին օտարազգիների թվաքանակը, 2009 թվականի հետ համեմատ, աճել է 0.9 տոկոսով, ինչն աննախադեպ է վերջին 5 տարիների համար:
2010 թվականի վերջի դրությամբ, Գերմանիայում բնակվող օտարազգիների 36 տոկոսը ներկայացրել են ԵՄ-ի երկրները, 29 տոկոսը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրները (Թուրքիա, Խորվաթիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո), 15 տոկոսը` Եվրոպայի մնացած երկրները, 12 տոկոսը` Ասիան, 4 տոկոսը` Աֆրիկան, 3 տոկոսը` Ամերիկան:
Միևնույն ժամանակ օտարազգիների թվում ամենամեծ տեսակարար կշիռ ունեն թուրքերը` 24 տոկոս, ապա գալիս են իտալացիները` 8 տոկոս, և լեհերը` 6 տոկոս:
Գերմանիայում ծնված օտարազգիների ցուցանիշով թուրքերը դարձյալ առաջատար են` 41 տոկոս:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շարունակ մեղադրում է գերմանաբնակ թուրքերին ձուլելու մեջ, ինչի արդյունքում էլ անցյալ տարվա ապրիլին գրանցվեց թուրք-գերմանական «դպրոցական» ճգնաժամը:
Էրդողանը դեռևս 2008 թվականից շարունակ պնդում էր Գերմանիայում թուրքական դպրոցների բացման անհրաժեշտության մասին` հայտարարելով, որ Թուրքիայում գործում են գերմանական դպրոցներ, հետևաբար ինչո՞ւ Գերմանիայում չպետք է լինեն թուրքական դպրոցներ:
Այստեղ Էրդողանը «մոռանում» է, որ Թուրքիայում գործող գերմանական դպրոցները գերազանցապես նախատեսված են գերմանական դիվանագետների երեխաների համար, որոնք միայն ժամանակավորապես են գտնվում Թուրքիայում, մինչդեռ Գերմանիայում ստեղծվելիք դպրոցների պարագայում պատկերը լրիվ այլ է. դրանք նախատեսված են լինելու Թուրքիայից ժամանած վտարանդիների համար, որոնք, սակայն, ամենևին էլ չեն շտապում վերադառնալ հայրենիք և մտադիր են իրենց կյանքը կառուցել Գերմանիայում:
Չպետք է մոռանալ, որ Գերմանիայում առկա թուրքական ազդեցիկ համայնքը կարող է թուրքական իշխանությունների ձեռքում ծառայել որպես անհրաժեշտ լծակ գերմանական իշխանությունների դեմ` շահարկելու մի շարք խնդիրներ, այդ թվում նաև` ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցը:







































