Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի «Բանանց»-ն սկսել է նախապատրաստական աշխատանքները: Թիմի պաշտոնական կայքը գրում է, որ մայրաքաղաքային ակումբն իր առաջին խաղը սույն թվականին անցկացնելու է հունվարի 19-ին:
Հաղորդման համաձայն՝ այդ օրը թիմն ընկերական խաղ է անցկացնելու «Ուլիս»-ի հետ:
Ինչ վերաբերում է «Բանանց»-ի ուսումնամարզական հավաքներին, ապա թիմը հունվարի 21-ից փետրվարի 3-ը Կիպրոսում անցկացնելու է առաջին հավաքը, որի ընթացքում էլ ծրագրավորվել են ստուգողական երեք հանդիպումներ՝ հունվարի 23-ին, 26-ին և փետրվարի 1-ին:
Արդեն նախապես պայմանավորվածություն կա, որ հունվարի 26-ին «Բանանց»-ի մրցակիցն է լինելու մերձմոսկովյան «Խիմկի»-ն: Մյուս մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ:
Ավելացնենք, որ «Բանանց»-ի կազմում մարզումներին մասնակցում են ոչ միայն առաջնության բարձրագույն խմբում արդեն հանդես եկած ֆուտբոլիստները, այլև «Բանանց-2»-ի մի շարք ֆուտբոլիստներ:
Առաջին ուսումնամարզական հավաքից հետո արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ խաղ Հայաստանում անցկացնելու համար: Փետրվարի 9-ին «Բանանց»-ի մրցակիցն է լինելու «Շիրակ»-ը:









































