«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում մարտի 23-24-ը Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակել են Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններում իրականացված դիտարկման ամփոփումը, որի մեջ նշվում է, որ ՄԽ–ը 2010թ. հոկտեմբերի 7-12-ը դաշտային առաքելություն է անցկացրել «Լեռնային Ղարաբաղին հարող Ադրբեջանի 7 օկուպացված տարածքներում»` գնահատելու համար տեղում տիրող իրավիճակը` ներառյալ մարդասիրական և այլ հարցերով: Հայաստանյան իշխանությունները այսօր նշում են, թե այդ զեկույցը չունի իմպերատիվ ուժ և որևէ կերպ չի կարող ազդել բանակցային գործընթացի վրա: Արդյոք ճի՞շտ է նման դիրքորոշումը, և Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս կարող է ազդել այս զեկույցը բանակցային գործընթացի վրա:
– Խնդիրը իմպերատիվ ուժի մեջ չէ, այլ այն, թե ինչքանով ենք մենք լուրջ վերաբերվում միջազգային գնահատականներին, որովհետև մի հարցի շուրջ էլ կայացավ միջազգային գնահատական: Այդ գնահատականն արդեն կա, հնարավոր է տարիներ շարունակ ոչ ոք դրան չանդրադառնա, չօգտագործի, բայց երբ ինչ–որ մի պահ գա, բնական է, որ որպես հիմք հստակ կընդունվի այդ զեկույցում արտացոլված իրավիճակը: Այդ առումով, իհարկե, չի կարելի ասել, որ հերթական զեկույց է, այլ պետք է մտածել, թե ինչ կարելի է անել, որ ուրիշ արդյունքներ ունենանք, և ընդհանրապես այլ կերպ զարգանար այս ամենը: Զեկույցում տարբեր հանգամանքներ են նշված, որոնք Ադրբեջանին ևս մտահոգեցին: Այնտեղ հստակ նշվեց, որ դիտարկված տարածքներում ապրում են Ադրբեջանից տեղափոխված փախստականներ, որն էական հանգամանք է, և փաստորեն այդ պրոբլեմը ճանաչվեց միջազգային հանրության կողմից: Սա հստակ, մոնիտար և քաղաքական նշանակություն ունեցող զեկույց է, կան ակնարկներ, որ նման առաքելությունները կշարունակվեն: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես են այս ամենին վերաբերվում Հայաստանի և ԼՂ–ի իշխանությունները: Հայաստանի արտգործնախարարությունը, փաստորեն, ակնարկեց, որ պետք է դիտարկվեն նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ղարաբաղյան տարածքներում և ուրիշ ոչ մի բան: Մենք որևէ հստակ գնահատական չտեսանք, իսկ ադրբեջանական կողմն էլ պնդում է, թե այս գնահատականները համաձայնեցված են Հայաստանի հետ, ապա Հայաստանն առնվազն պետք է ասի, թե ինչն էր այդտեղ համաձայնեցված: Բայց նման տեսակետ չկա, իսկ ահա Ադրբեջանն ավելի կոնկրետ է վերաբերվում, և պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ զեկույցում նշված այն 14 հազար բնակչությունը, որն ապրում է յոթ շրջաններից երկուսում, իրավունք չունեն այնտեղ ապրելու: Սակայն Հայաստանի և Ղարաբաղի կողմից մենք որևէ նման քայլ չենք տեսնում, և եթե պնդում էին, որ առաքելություն լինի նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, ապա դա պետք է հստակ ձևակերպվեր որպես պետական պահանջ, արտաքին քաղաքականության խնդիր և հայտարարվեր, որ միայն դրանից հետո կընդունեն այս փաստաթուղթը: Ի վերջո, եթե Մինսկի խումբը հրաժարվի գնալ այդ տարածքներ, կամ եթե Ադրբեջանը չթույլատրի, ապա հայկական կողմը կարող է չճանաչել այս փաստաթուղթը, ինչը շատ կարևոր հանգամանք է: Բայց ես տեսնում եմ օդից կախված վիճակ, կարծես թե ոչ մի բան չի եղել: Ի վերջո, այդ փաստաթղթում մեղադրանք կա ներկայացված հայկական կողմին, որ այդ տարածքներում վատ պայմաններ են: Մենք հայտնվել ենք ողորմելի վիճակի մեջ, երբ միջազգային հանրությունն ավելի լուրջ է վերաբերվում այս հարցերին, քան մենք:
– Ադրբեջանը թույլ կտա՞, որ Մինսկի խումբը գնա այդ տարածքներ:
– Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ թույլ չտա այդ տարածքներում դիտարկում արվի, քանզի երբ Մինսկի խումբը մտնի Հայաստանի կողմից մատնանշած տարածքներ, ապա ինքնին այս պրոբլեմը շատ ավելի բարդ է դառնում: Առաջ է գալիս Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը` դիվանագիտական ասպարեզ կմտնեն շատ կոնկրետ և կարևոր էլեմենտներ: Ադրբեջանն իրեն կխեղդի, բայց չի թողնի, որ դա լինի, բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը չպիտի պայքարի դրա համար: Երբ փաստաթուղթը ներկայացվում է, դրա վերաբերյալ կողմերի ճանաչումն է պետք, և այսօր Հայաստանը պետք է հստակ ասի, որ մինչև Մինսկի խումբը չգնա Շահումյան, իրենք չեն ճանաչի հոկտեմբերին իրականացված դաշտային առաքելությունն ամփոփող փաստաթուղթը:
– Իսկ այդ փաստաթղթից Ադրբեջանը կարո՞ղ է օգտվել և ինչպե՞ս:
– Ինչու ոչ, ադրբեջանցիք հո հիմար չեն, որ այսպիսի փաստաթղթից չօգտվեն: Այս փաստաթուղթը հենց ստեղծվել է, որ օգտագործվի: Օրինակ` 1996-97թթ. ավելի մեծ բնակեցման խնդիր էր իրականացվում, քան հետո: Ի՞նչ են մտածում իշխանությունները 13 տարի, որ ոչ մի բան չեն արել, ինչո՞ւ չէին անում: Տարին մեկ գյուղ կառուցելը մեծ պրոբլեմ չէր, մանավանդ որ` ահռելի քանակով մարդիկ կային, որոնք դիմում էին և ուզում էին բնակվել այնտեղ: Այսինքն` այստեղ կա՛մ ինչ–որ անպատասխանատու մոտեցում կա, կա՛մ էլ անտարբերություն, և այսօր դրա արդյունքը մենք տեսնում ենք ՄԽ փաստաթղթից: Եթե անտարբեր էին, ապա միայն կարելի է խոսել հանցավոր անպատասխանատվության մասին, այլ կերպ դա բնորոշել հնարավոր չէ: Իշխանություններին երևի թվում է, թե իրենք գողություն են անում, երբ այդ տարածքներում բնակեցում են իրականացնում: Քիչ է մնում ներողություն խնդրեն, որ բացել են Լաչինի միջանցքը: Այդ կեղծ մեղքի զգացումը, իմ կարծիքով, ընդամենը միջազգային հանրության հետ անձնական լավ հարաբերություններ ստեղծելու միջոց է:
– Այսինքն` հայկական կողմը սեփականության զգացումով չի վերաբերվել այդ տարածքներին:
– Ի՞նչ սեփականություն. եթե մարդ իրեն գող է զգում, ապա գողի պես էլ իրեն պահում է և ուզում է «շառից ու փորձանքից» հեռու մնալ: Այդ հոգեբանությունը քաղաքական էլիտայում միշտ եղել է, և եթե դա չլիներ, այսօր նման խնդիր չէր լինի: Այս ամենը այն մարդկանց մոտեցման արդյունքն է, որոնք մտածել են, թե բնակեցնելը լավ բան չէ և չի նպաստի մեր քաղաքականությանը, կամ էլ ուղղակի խորը «թքած ունեն»` երևի այս երկուսն էլ միասին:
– Պարոն Սարգսյան, իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դիտարկված շրջանների վերաբերյալ Մինսկի խմբի ներկայացրած գնահատականը կարող է տարածքների վերադարձի հիմք ծառայել: Փաստորեն միջազգային հանրությունն ասում է, որ այդ տարածքներն «օկուպացված» են, ինչպես նաև հայկական կողմին մեղադրում են այնտեղ վերաբնակեցում չկատարելու ու անմխիթար վիճակ ստեղծելու մեջ:
– Ամեն ինչի հիմք էլ կարող է ծառայել, որովհետև ես չեմ տեսնում, որ մենք տարածքների հետ կապված քաղաքական գիծ ունենք: Հայաստանն այսօր քննարկում է Մադրիդյան սկզբունքները, ինչն էլ նշանակում է նախնական համաձայնություն, եթե այդ մարդիկ իրենց հույսը դրել են նրա վրա, որ տարիներն այսպես կանցնեն, և իրենք կգնան, ապա դա նշանակում է, որ իրենք անլուրջ են վերաբերվում ամեն ինչին: Իսկ Ադրբեջանն այդպես չի անում, նրանք տարբեր ամբիոններ օգտագործում են տարածքային խնդիրները բարձրացնելու համար:
– ԵԱՀԿ գործող նախագահը իր տարածաշրջանային այցի ժամանակ միայն հայկական կողմին կոչ արեց շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, Ադրբեջանում նման կոչ չեղավ: Ինչո՞վ եք դա պայմանավորում, կարելի՞ է ասել, որ սա ԵԱՀԿ դիրքորոշումն է:
– Ես կարծում եմ` դա ընդհանրապես Հայաստանին հիմարի տեղ դնելու մոտեցում է, և տարիների ընթացքում Մինսկի խումբը հասկացել է, որ այդպես կարելի է անել: Կարելի է գալ այստեղ և ասել, թե չեմ գնում Ղարաբաղ, որովհետև եղանակը վատն է, չնայած բոլորը տեսնում են, որ արև է, ԵԱՀԿ գործող նախագահին հարցնում են, թե ինչո՞ւ չի գնում Ղարաբաղ, պատճառաբանում է, որ անվտանգության խնդիր կա, բայց գալուց մեկ ամիս առաջ հայտարարում է, որ Ղարաբաղում նոր սերունդ է մեծացել, և պետք է նրանց հետ հաշվի նստել: Այսինքն` ինչքան հնարավոր է հիմարավարի վերաբերվել, այդքան էլ վերաբերվում են: Հիմա էլ կանգնել ասում են, թե մեկ է` Ադրբեջանն է կրակում, ձեր ինչին են պետք դիպուկահարները, հետ քաշեք շփման գծից: Միջազգային հանրությունը այդպես է խոսում Հայաստանի հետ, որովհետև գիտի, որ կարելի է, և այս ամենը շատ մտածված է` միջազգային հանրությունը հիմար չէ, նրանք շատ լավ են հասկանում, թե Հայաստանն ինչպես է վերաբերվում այս խնդրին, և ըստ դրա էլ կառուցում են իրենց քայլերը: Մի քանի ամիս Ղարաբաղի ժողովուրդը առաջարկել էր խորհրդարանին, որպեսզի հստակ հայտարարի ԵԱՀԿ–ին, որ նրանք ոտնահարում են ղարաբաղցիների իրավունքը, որ խախտվում է միջազգային իրավունքը, բայց միայն տեսնեիք, թե ինչ խղճուկ վիճակում էր Ղարաբաղի խորհրդարանը, քիչ էր մնում պատգամավորները փախչեին: Այսինքն` այսօր սարսափում են խոսել սեփական իրավունքների համար, ինչ է թե պաշտոն կկորցնեն, կամ էլ կասեն, թե սխալ ես անում: Այնպիսի տպավորություն է, որ վաղն էլ ներողություն են խնդրելու, թե կներեք, որ մեզ ցեղասպանության են ենթարկել, իսկ միջազգային հանրությունը այդ ամենը շատ լավ է հասկանում:
– Վիեննայում ՄԽ համանախագահները հայտարարել են, որ առաջիկայում մտադրություն ունեն կրկին այցելելու տարածաշրջան, որպեսզի շարունակեն քննարկումը խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ` հիմնվելով մարտի 5-ին Սոչիում արձանագրված դրական առաջընթացի վրա: Համանախագահները մտադիր են կողմերի հետ մշակել հստակ մեթոդներ հետաքննելու հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը` ինչքանո՞վ է իրական, որ համանախագահները կարողանան իրականացնել իրենց մտադրությունը:










































