Մեկ օրում հանցագործները հասցրել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում երեք բանկային գրասենյակ թալանել: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով երկրի ոստիկանության աղբյուրներին:
Ինչպես նշվում է, բոլոր հանցագործությունները կատարվել են 2013 թվականի հունվարի 8-ին: Առաջին հարձակումը կատարվել է Կաստիլյա Կոսլադա փողոցի վրա գտնվող բանկային գրասենյակում. ատրճանակով զինված տղամարդը ներխուժել է մասնաճյուղ և ստիպել աշխատակիցներին բացել չհրկիզվող պահարանը: Նա բանկից հեռացել է 50 հազար եվրո գումարով՝ առևանգելով վարկային կազմակերպության աշխատակիցներից մեկին պատկանող ավտոմեքենան:
Երկրորդ հանցագործությունը կատարվել է ոչ հեռու, ոստիկանների խոսքով՝ մեկ այլ կողոպտիչի կողմից: Նա նույնպես զինված է եղել: Այս դեպքում հանցագործը 3000 եվրո է տարել:
Երրորդ կողոպուտը տեղի է ունեցել Եվրոպայի փողոցում: Հանցագործը բանկի աշխատակիցներին հայտարարել է, որ իր մոտ զենք կա և նրանց ստիպել է իրեն գումար տալ, որի չափը ոստիկանությունը չի հստակեցնում:
Նախնական վարկածով՝ երեք հանցագործությունները միմյանց հետ որևէ առնչություն չունեն:











































