Շվեյցարական Wegelin & Co. հնագույն բանկը հայտարարել է իր փակման մասին այն բանից հետո, երբ մեղադրվել է հարուստ ամերիկացիներին հարկերից խուսափելու օգնություն ցուցաբերելու համար: Բանկն աշխատել է 2.5 դար շարունակ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Wegelin-ն ընդունել է մեղադրանքը, որի համաձայն՝ բանկը վերջին տասը տարիների ընթացքում հարուստ ամերիկացիներին օգնել է խուսափել 1.2 միլիարդ դոլարի հարկ վճարելուց: Բանկը համաձայնել է նաև որպես փոխհատուցում և տուգանք վճարել 57.8 միլիոն դոլար:
Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք բանկը բացահայտել է հարկերից խուսափող ամերիկացիների տվյալները, թե՞ նախատեսում է անել դա:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ արադարադատության նախարարությունը ակտիվորեն հետապնդում է արտասահմանյան բանկերին, որոնք օգնել են ամերիկացիներին խուսափել հարկերից արտերկրում»,- ասել է դաշնային նախկին դատախազ Ջեֆրի Նեյմանը:
Բանկի կառավարիչ գործընկեր Օտտո Բուդերերը դատարանում հայտարարել է, թե Wegelin-ն իմացել այն մասին, որ նման պահվածքը ճիշտ չի եղել:
Նրա խոսքերով՝ 2002-2010 թթ. ընթացքում Wegelin-ը միջնորդ բանկերի օգնությամբ որոշ ամերիկացի հարկատուների օգնել է ԱՄՆ-ի տարածքում խուսափել հարկային պարտավորվածություններից՝ կեղծ հարկային հռչակագրեր ներկայացնելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներքին եկամուտների ծառայություն:










































