Դերասան Արտաշես Ալեքսանյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Մի վախեցիր», «Ճակատագրի գերիներ», «Դժբախտ երջանկություն» և այլ հեռուստասերիալներից, անցյալ տարվա սեպտեմբերից Վանաձորում թատերական ստուդիա էր հիմնել, որը մի քանի ամիս` մինչև ապրիլ, գործել է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Ստուդիայում «դերասանի վարպետություն» առարկան հենց ինքն է դասավանդել, իսկ «բեմական շարժ», «բեմական խոսք» և «վոկալ» առարկաների համար հրավիրել է Վանաձորում արվեստի ճանաչված գործիչներ Արայիկ Գևորգյանին, Էլֆիկ Զոհրաբյանին և Սուսաննա Ջիլավյանին: Առանց աշխատանքային պայմանագիր կնքելու` նրանց հետ բանավոր պայմանավորվածության է եկել, որ պարապմունքների համար ամսական կվճարի 30 հազար դրամ: Ապրիլից ստուդիայի գործունեությունը դադարեցվել է, և դասավանդողներին չի վճարվել աշխատած վերջին ամիսների` Արայիկ Գևորգյանին` 1, Էլֆիկ Զոհրաբյանին` 2 և Սուսաննա Ջիլավյանին` 2,5 ամսվա աշխատավարձը:
Պարուսույց Արայիկ Գևորգյանի ասելով` կոնկրետ ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել, բայց նախատեսվում էր մայիսին ավարտել դասընթացը. վերջին 2 ամիսներին ինքը ստուդիայի սաներին ավարտական դասի համար էր պատրաստում, որ քննություն հանձնեին ու ստանային իրենց դիպլոմները: Բայց, փաստորեն, բանը դրան չի հասել: Զանգել–ասեն են, որ ստուդիան այլևս չի գործի, քանի որ հաճախումներ չկան, վարձերն էլ չեն վճարում: Նրանց աշխատավարձն էլ նույն պատճառաբանությամբ չի տրվել: Կոնկրետ Արայիկ Գևորգյանի խմբում 11 հոգուց ավել մարդ չի եղել: Փետրվարից հաճախումները քչացել են, հատկապես՝ մարտ-ապրիլին, իսկ վերջում դարձել են 6-7 հոգի: Բայց, նրա և մյուս դասավանդողների խոսքերով, իրենք չեն պայմանավորվել, որ աշխատավարձ կստանան կախված սաների թվից, նրանց հաճախումներից կամ վճարումներից:
«Ի՞նչ կապ ունի քանակը, մենք կոնկրետ գումար ենք պայմանավորվել: Եթե ինքը քանակը չի հավաքում, թող այդ գործունեությունն այլևս չծավալի, դա ինձ հետ կապ չունի: Ես կոնկրետ իմ դասաժամի տերն եմ. էդ պահին 5 հոգի է՝ 5-ի հետ եմ աշխատում, 12 հոգի է՝ 12-ի հետ եմ աշխատում. էական ինձ համար տարբերություն չկա»,- ասում է Արայիկ Գևորգյանը՝ նշելով, որ եթե նույնիսկ բացակայել է մեկ պարապմունքից, պարտադիր լրացրել է այն հաջորդ դասին կամ մեկ այլ օր:
«Հենց նույն հաճախողները իրենց շատ լավ ինֆորմացնում էին` դասատուն եկել է, չի եկել, ինչքան է պարապել»,- ասում է պարուսույցը: Նրա խոսքերով` հենց սկզբից էլ կանխատեսելի էր, որ ստուդիան երկար կյանք չի ունենա` նախ հավաքվել էին տարբեր տարիքի անձինք` 10 տարեկանից մինչև 50-նն անց կանայք` այն էլ, նրա ասելով, հիմնականում դերասանի անվան համար: «Արտաշես Ալեքսանյանի անունի համար էին եկել ու այնպիսի մարդիկ, որ ուղղակի ինձ համար աբսուրդ էր: Թող ինձ ներեն այդ ծնողներն էլ, երեխաներն էլ, բայց իրենք էլ չգիտեին` ուր են եկել: Ուղղակի լսել էին` այսինչ դերասանն է եկել, երևի հիմա իրենց կդարձնեն սերիալի աստղ: Ով դիմել է՝ վերցրել են, որովհետև եթե ընտրություն լիներ, շատ քիչ մարդ պետք է վերցնեին»,- ասում է Արայիկ Գևորգյանը: Նրան նույնիսկ զարմացնում է, որ Վանաձորում կան մարդիկ, ովքեր կարող են թատերական ստուդիայի համար ամիսը 30 հազար դրամ վճարել: Երևույթը նա վերագրում է վանաձորցիների ընկալմամբ` «մայրաքաղաք-ռայոն» տարբերությանը: «Պարզ օրինակ` 3000 դրամով մեր քաղաքում գործող ստուդիան չեն հաճախում, ինչ է որ Երևանից է եկել, 30 հազարով գնում են նրա մոտ: 40 էլ ասեին` երևի թե կտային»,- զարմանում է Արայիկ Գևորգյանը:
Հարցին` մի՞թե իր մեղավորությունը չէ, որ առանց գործատուի հետ պայմանագիր կնքելու է աշխատանքի անցել, Գևորգյանը պատասխանում է. «Ես ո՞ւմ հետ պիտի պայմանագիր կնքեի, հո անձի հետ չպիտի՞ կնքեի: Չկար հատուկ ստուդիա` իրավաբանորեն գործող: Երբ որ արդեն կայանար որպես իրավաբանական սուբյեկտ, այդ ժամանակ պիտի կնքեր: Դե մշակույթի մարդիկս մի քիչ ուրիշ տիպի ենք մտածում, փորձում ենք մարդուն հավատանք, այլ բան է, որ շատ ժամանակ մեր հավատը չի արդարացվում»:
Ստուդիայում վոկալ դասավանդած Սուսաննա Ջաղինյանն էլ, ով 2 ամիս աշխատավարձ չստանալով` շարունակել է աշխատել երրորդ ամիսն էլ, դարձյալ վստահության գործոնն է մատնանշում: «Ընդունելով, հարգելով Արտաշեսին: Անձի հանդեպ վստահությունը, ուրիշ ոչ մի բան: Մտածում էինք, որ իրենք իրենց կարգի կբերեն ֆինանսապես, ու իրենց պարտքերը կմարեն: Բայց դեռ սպասում ենք: Նեղվածություն… իհարկե, ով չի նեղվի, երբ որ աշխատի ու չվճարվի»,- ասում է Սուսաննա Ջաղինյանը:
Արտաշես Ալեքսանյանը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի տնօրենին էլ գումար չի վճարել՝ համայնքային ենթակայության շենքում անցկացրած պարապմունքների համար: Տնօրեն Գագիկ Անանյանի պատմելով` եկել սենյակ է խնդրել իրենից, խոստացել, որ երբ ստուդիան «հավաքվի ու գործի», արդեն նրա հետ վարձակալության օրինական պայմանագիր կկնքի: «Ասավ` ձմեռային ամիս է, դժվար է, մի խոսքով: Ես էլ համաձայնեցի` իրեն հարգելով, քանի որ մեր լավ դերասաններից է: Պայմանագիրն էլ, ճիշտն ասած, ես անընդհատ ասում էի՝ ինչ եղավ: Բայց վարձի մասին չենք խոսացել իր հետ»,- նշում է Գագիկ Անանյանը: Ամիսներ շարունակ շաբաթ-կիրակի օրերին 3-4 ժամով մշակույթի պալատի սենյակն Արտաշես Ալեքսանյանին տրամադրելուց հետո մի օր էլ կանչել է նրան ու ասել, որ այլևս չի կարող սենյակն «անվարձ» տալ, քանի որ ոչ մի լավ բան չի տեսնում: «Լավը այն պիտի լիներ, որ նորմալ արդեն ստուդիա լիներ, օրինական, իմ հետ էլ պայմանագիր կապեին, վարձերը տային»,- բացատրում է Գագիկ Անանյանը, ապա հավելում. «Տեսա` ոնց որ արդեն օգտագործել են ինձ, ասեցի` Արտա՛շ ջան, էսպես չի լինի: Թե` ձեռք չի տալիս ինձ: Ասեցի` ուրեմն փակի: Խի մարդու համբերությունը, համեստությունն էլ է լավ բան»:
Դիտարկմանը, որ 8 ամիսը երկար է պայմանականի համար, նման դեպքերում սովորաբար 1 ամիսն են ժամկետ ընդունում, Անանյանը պատասխանեց. «Դե հիմի շատ է, թե քիչ է, նաղդի եսիմ, ես էդպես եմ մտածել»: Մշակույթի պալատում սենյակի վարձը 15-20 հազար դրամ է: Հարցին` Արտաշես Ալեքսանյանի՞ն էլ պիտի այդ գնով վարձակալության տար, ասում է. «Եթե տեսնում եմ`10 հոգի 30 հազարով պարապում են, էդ քեզ 300 հազար, ես 10 հազարով սենյակ կտայի՞,. Իհարկե՝ ոչ»:
Ինչպես ստուդիայի սաներն ու նրանց ծնողներն են վկայում, որևէ փաստաթուղթ չի տրվել դասընթացի համար: Ստուդիայի սաներից 11-րդ դասարանցի Յուրա Կիրակոսյանը, ով 6 ամիս հաճախել է պարապմունքներին, ասում է, որ իրենց առաջարկվել է գնալ Երևան և նույն ստուդիայում դասընթացն ավարտելով` դիպլոմներ ստանալ: Բայց իրենք հնարավորություն չունեն Երևան գնալու, Վանաձորում դասընթացի վճարն էլ հեշտությամբ չեն տվել՝ «քրտինքով վաստակած գումար» է եղել: Արտաշես Ալեքսանյանի դասավանդման մասին էլ ասում է. «Քիչ բան չի տվել, բայց շատ էլ չի տվել, էլի»: Միանգամից պրակտիկայի են անցել, ինչը, նրա կարծիքով, ինչ-որ տեղ թերի է: Ալեքսանյանի` վանաձորյան ստուդիայի վարձը 30 հազար դրամ է եղել, ինչը հավասար է թատերական բուհի վարձավճարներին, մինչդեռ այս պահին Վանաձորում գործող 3 ստուդիաներից` Աբելյանի թատրոնին կից ստուդիայի վճարը 4000 դրամ է, Թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքին կից գործող ստուդիայինը` 3500-4000, իսկ Երգի թատրոնին կից գործող ստուդիայում, որտեղ ասմունք են դասավանդում, պարապմունքներն անվճար են: Ի դեպ, 3-ն էլ օրինական գործող ստուդիաներ են:
«Առաջին լրատվական»-ը պարզաբանում խնդրեց անձամբ Արտաշես Ալեքսանյանից, թե ինչու չի տվել դասախոսների աշխատավարձն ու սաների վկայականները: Դերասանը պատասխանեց. «Ո՞նց էին պատկերացնում` եթե երեխան չի վճարում, իմ գրպանի՞ց պիտի տայի. էրեխեք չկային, չէին գալիս, չէին կարողանում վճարել»: Փոխանցեց, որ չի էլ պատրաստվում վճարել աշխատավարձերը: Վկայականների վերաբերյալ էլ թեև սկզբում չհրաժարվեց դրանցից, բայց երբ ճշգրտող հարց ուղղեցինք` կիսատ դասընթացի համար է՞լ կտրվի, ասաց. «Որ տամ, չե՞ք ասի` ինչի՞ տվեցիք»:










































